
Արմինֆո. Միակ բանը, որը Սերժ Սարգսյանին կարող է ստիպել հրաժարվել վարչապետի պաշտոնից, ժողովրդի կամքն է: Մարտի 5-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել «Ելք՚ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ իշխանության ղեկից Սերժ Սարգսյանի հեռացմանն ուղղված «Ելք՚ խմբակցության բոլոր գործողությունները կախված կլինեն բացառապես ժողովրդի կամքից: Խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ վարչապետի ընտրության ժամկետի փոփոխությունը և Սերժ Սարգսյանի անփոխարինելիության վերաբերյալ ՀՀԿ ներկայացուցիչների հայտարարությունները վկայում են այն մասին, որ վարչապետի պաշտոնի համար առաջադրվելու է հենց նա:
«Եթե ժողովուրդն ասի իր վճռական խոսքը, և փողոց դուրս գա այնքան մարդ, որքան 2008 թվականի մարտի 1-ին, ես երաշխավորում եմ, որ մենք կկանխենք Սարգսյանի հերթական վերարտադրությունը: Մեզ մոտ ստեղծվում է վարչապետի բռնատիրություն, և այդ ամենն արվում է Սերժ Սարգսյանի բացարձակ իշխանության ապահովման համար: Մենք ոչինչ չենք կարող անել առանց Հայաստանի քաղաքացիների աջակցության, սակայն մենք, անպայման, կկատարենք նրանց կամքը՚, - հայտարարել է պատգամավորը:
Նա նաև հիշատակել է այն փաստը, որ Սերժ Սարգսյանը չի կարողացել պատշաճ կատարել իր պարտականությունները, երբ զբաղեցնում էր ազգային անվտանգության նախարարի պաշտոնը: «Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն այն բանի արդյունք էր, որ Սերժ Սարգսյանը պատշաճ չէր կատարում իր պարտականություններն այդ պաշտոնում: Այնուհետև, տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, Վազգեն Սարգսյանի ժառանգությունը, մեր նախագահը վերածեց «քսակի՚: Բացի այդ, ապրիլյան պատերազմի ժամանակ ակնհայտ դարձավ, որ մեր բանակը բավականին ողբալի վիճակում է և օգտագործում է 80-ական թվականների զենք: Սակայն դա նրա համար դաս չեղավ, և զինված ուժերը հզորացնելու և ամրապնդելու փոխարեն Սերժ Սարգսյանը որոշեց Հայաստանի անվտանգությունն ապահովել տարաբնույթ անիմաստ համաձայնագրեր և պայմանագրեր ստորագրելու ճանապարհով՚, - եզրափակել է պատգամավորը: