Արմինֆո.Անկախության 26 տարիներին Հայաստանին հաջողվեց սկզբունքային, հետևողական և հավասարակշիռ երկրի հեղինակություն ձեռք բերել միջազգային հանրության աչքում: Այդ մասին ասվում է Դիվանագետի օրվա կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածում:
Նրա խոսքով, միջազգային հարաբերություններում մեր պետությունն ընկալվում է ոչ միայն որպես հայ ժողովրդի շահերի, այլև համամարդկային արժեքների պաշտպան: «Այսօր Հայաստանը՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի ներկայացուցիչ, կանգնած է մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերի առաջին շարքերում և համարվում է այդ առաքելության առաջամարտիկ»,- ասել է Նալբանդյանը
Նրա խոսքով, Հայաստանը ակտիվորեն ներգրավված է գլոբալ խնդիրների լուծմանն ուղղված միջազգային գործընթացներում և նախաձեռնություններում՝ զանգվածային ոչնչացման զենքերի չտարածմանը, միջազգային խաղաղապահությանը, ահաբեկչության դեմ պայքարին, ազգային և կրոնական ինքնության հողի վրա խտրականության ու բռնությունների զոհերի պաշտպանությանը, միգրացիոն, փախսատականների խնդիրների արձագանքմանը և համաշխարհային կարևորության այլ ուղղություններով։
Նա նաև ընդգծել է, որ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հանդիսանում են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների բաղկացուցիչ մաս: «Տարեցտարի մեծանում է Հայոց Ցեղասպանությունը ճանաչած պետությունների, միջազգային կառույցների թիվը: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն առանձահատուկ միջազգային հնչեղություն ունեցան։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորելուն միտված մեր նախաձեռնությունը շեշտակիորեն ավելացրեց Մեծ Եղեռնի մասին միջազգային հանրության տեղեկացվածությունը»,- ասել է Նալբանդյանը: