Արմինֆո. ՀՅԴ-ն ողջունում է Հայաստան-Թուրքիա արձանագրությունները չեղարկելու մասին ՀՀ նախագահի որոշումը։ Ինչպես նշվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված ՀՅԴ հայտարարիության տեքստում, 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրություններն առ ոչինչ հայտարարելը վաղուց սպասված քայլ էր։
«Ի սկզբանե Հ.Յ.Դաշնակցությունը վճռականորեն հանդես է եկել այդ արձանագրությունների դեմ՝ նկատի ունենալով դրանցում առկա մի շարք անընդունելի դրույթները և շահարկման տեղիք տվող ձևակերպումները։ Ժամանակը ցույց տվեց, որ մեր մտահոգությունները տեղին էին: Թուրքիան Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին ընդամենը մարտավարական խնդիր էր լուծում՝ միաժամանակ փորձելով նախապայմաններ առաջադրել։ Աներկբա է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու ջանքերը ձախողվել են նախապայմանների լեզվով խոսելու Թուրքիայի գործելաոճի պատճառով։ Այլևս ակնհայտ է թուրքական դիվանագիտության ողջ սնանկությունը և Թուրքիայի՝ անվստահելի գործընկեր լինելու իրողությունը։ Հարկ է արձանագրել, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները դեռևս պատրաստ չեն պատմության հետ առերեսվելու և առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու։ Ողջունելի է, որ նախընթաց տարիներին հայ քաղաքական հավաքական միտքը կարողացավ ճիշտ գնահատել իրավիճակը և համարժեք քայլեր ձեռնարկել Թուրքիայի մտադրությունների չեզոքացման ուղղությամբ։ Արձանագրությունների կնքման գործընթացի դադարեցումը նաև մեր համահայկական պայքարի, այդ պայքարին միացած քաղաքական և հասարակական կազմակերպությունների, մեր ողջ ժողովրդի ձեռքբերումն է։ Հավատացած ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտություն է, սակայն այն պետք է տեղի ունենա քաղաքակիրթ աշխարհի արժեհամակարգին համապատասխան և որևէ պարագայում չպետք է վտանգի մեր ազգային-պետական շահերը և հայ ժողովրդի անժամանցելի իրավունքները՚, - ասվում է հայտարարությունում։
Նախօրեին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԱԱԽ նիստում հայտարարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ (ցյուրիխյան) արձանագրությունների չեղարկման մասին:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրություններն ստորագրվել էին 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում և պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից ՝ «ողջամիտ ժամկետներում»։ Սակայն Թուրքիան երկարաձգում էր վավերացման ժամկետները` պարբերաբար նախապայմաններ առաջ քաշելով։ Արդյունքում՝ Հայաստանի նախագահը 2015 թվականի փետրվարին խորհրդարանից ետ կանչեց արձանագրությունները: 2017 թվականին ՄԱԿ գլխավոր ասամբլեայի ամիոնից ՀՀ նախագահը հայտարարել էր, որ 2018 թվականի գարունը Հայաստանը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների, քանի որ դրանց իրագործման ուղղությամբ ոչ մի դրական տեղաշարժ չկա: