Արմինֆո.Հայաստանի ընդդիմադիր ուժերը համախմբվում են՝ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը թույլ չտալու նպատակով;
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ պարաստ է մինչև վերջ պայքարել Հայաստանի վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությունը թույլ չտալու համար: Նա հայտնել է, որ պատրաստ է այդ նպատակով դուրս գալ «Ազատության» հրապարակ և չի վախենում նույնիսկ հետապնդումներից, որոնց ենթարկվել է 2008 թ. մարտի 1-ի նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաներ կազմակերպելուց հետո:
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն իր հերթին հայտնել է, որ ներկայումս ընդդիմությանշրջանում բանակցություններ են ընթանում համախմբվելու շուրջ ՝ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը թույլ չտալու նպատակով: Ըստ որում, նա չի ճշտել, թե հատկապես որ ուժերի միջև են խորհրդակցություններ ընթանում:
Իսկ մարտի 10-ից արցախյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցները մտադիր են «Ազատության» հրապարակում անժամկետ ակցիաներ անցկացնել՝ իրենց առաջնորդին աջակցելու և ժողովրդական ապստամբության միջոցով իշխանափոխության հասնելու նպատակով:
Այնուամենայնիվ, կառավարող Հանրապետական կուսակցությունն ընդդիմության մտադրությունները համարում է քաղաքական կեղծ օրակարգ: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցոմ նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ժողովուրդը 2017 թ. ընտրություններում վստահության քվե է տվել ՀՀԿ-ին: «Եվ հիմա ՀՀԿ-ն ազատ է իր հայեցողությամբ ձևավորելու իշխանություն՝ օգտվելով ժողովրդի վստահությունից, և երրորդ ուժերը լիազորված չեն միջամտելու այդ գործընթացին: Յուրաքանչյուրը պետք է գործունեություն իրականացնի՝ ժողովրդից ստացած մանդատի շրջանակներում: Փաշինյանի դաշինքը խորհրդարանում ունի 9 մանդատ, իսկ Մարտիրոսյանի ներկայացրած դաշինքը ընտրություններում 2%-ից պակաս ձայն է ստացել»,- նշել է փոխխոսնակը: Բացի այդ, նա նշել է, որ ապագա վարչապետի թեկնածության հարցը դեռ չի քննարկվել: «Երբ այդ հարցը պաշտոնապես քննարկվի, այդ ժամանակ էլ կմեկնաբանեմ դա»,- հայտարարել է Շարմազանովը:
Ընդդիմադիր ուժերը Սերժ Սարգսյանից պահանջում են կատարել մինչև սահմանադրական հանրաքվեն տված խոստումը: Այդ ժամանակ Սարգսյանը խոստացել էր, որ կառավարման խորհրդարանական կարգի Հայաստանի անցման վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների նախագծի ընդունման դեպքում վարչապետի պաշտոնին չի հավակնի:
Սակայն, Հանրապետական կուսակցությունում և կառավարությունում ԱրմԻնֆո-ի բարձրաստիճան աղբյուրներն ավելի վաղ հայտնել են, որ այդ հարցն արդեն որոշված է, և ապրիլի 9-ին ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: