Արմինֆո.Ադրբեջանը կրկին խեղաթյուրում է, Եվրոպական խորհրդարանը որևիցե փաստաթուղթ չի ընդունել Խոջալուի հետ կապված։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Ադրբեջանի հետ բարեկամության ակումբի անդամ 22 պատգամավոր ստորագրել է հայտարարությունը, որում ոչ ցեղասպանություն, ոչ էլ հայեր կամ Հայաստան նշում չկա»,- նշել է Բալայանը՝ մեջ բերելով հայտարարության ամբողջական տեքստը, որում, մասնավորապես, ասվում է, որ 1992 թվականի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերն ադրբեջանական Խոջալու քաղաքի քաղաքացիական բնակչությունը կոտորածի է ենթարկվել:
Փաստաթղթում նշվում է, որ Խոջալուի իրադարձությունների հետևանքով
զոհվել 613 մարդ, այդ թվում՝ 160 կին, 63 երեխա և 70 տարեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, 1275-ը պատանդ է վերցվել: Այնուհետև փաստաթղթում ցավակցություն է հայտնվում Խոջալուի իրադարձությունների հետևանքով զոհվածների հարազատներին և ընդգծվում այդ ողբերգության զոհերի հիշատակման անհրաժեշտությունը՝ հետագայում նման հանցագործությունները կանխելու նպատակով:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել այն մասին, որ Եվրոպական խորհրդարանը «Խոջալուի ցեղասպանության» հետ կապված հայտարարություն է ընդունել: