Արմինֆո. Անկարան դատապարտել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Սրեբրենիցայի ցեղասպանությունը կողքից դիտող երկրի խորհրդարանի կայացրած անհիմն որոշումները տեղ չունեն ոչ պատմության, ոչ էլ արդարադատության մեջ։
Այսպիսով դրանք իրավաբանական տեսանկյունից ոչ պարտադիր են, ոչ` վավեր»:
Ընդ որում, Անկարան պնդում է, թե 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է պատմական փաստերի և իրավական նորմերի վրա: «Եվրոպական օրենսդրությունը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումները հաստատում են մեր ճշմարտացիությունը։ Ուստի, մենք ի գիտություն ենք ընդունում Նիդերլանդների կառավարության հայտարարությունը, որ «այն չի հետևելու խորհրդարանին, ճանաչելով 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն, և Երևանում հիշատակի արարողությանը ներկայացուցիչ ուղարկելը չի նշանակի ցեղասպանության ճանաչում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում:
Նախօրեին Նիդերլանդների խորհրդարանը պատգամավորների ձայների ճնշող մեծամասնությամբ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նիդերլանդների խորհրդարանի ընդունած երկու բանաձևերից մեկում ասվում է, որ Նիդերլանդները ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, իսկ երկրորդում նշված է, որ յուրաքանչյուր հինգ տարին մեկ ապրիլի 24-ին հոլանդացի նախարար կամ պետնախարար պետք է այցելի Երևանի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր` մասնակցելու հիշատակի միջոցառումներին: Բանաձևերը ներկայացրել էր Քրիստոնեական միությունից պատգամավոր Ջոել Ֆորդեվինդը: Ընդ որում, Նիդերլանդների արտգործնախարարի պաշտոնակատար Սիգրիդ Կաագը հայտարարել է, որ կառավարությունը չի հետևելու խորհրդարանի օրինակին: Նրա ասելով, նախարարների կաբինետը «կշարունակի զսպվածություն դրսևորել՚: