Արմինֆո. Հարավային Կովկասի գծով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հրաժարական է տվել: Այդ մասին հայտարարել է ինքը` Վիգենինը, փետրվարի 22-ին ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում ամփոփիչ հաշվետվության շնորհանդեսի ժամանակ: Իր որոշումը Վիգենինը հիմնավորել է ողջ ուժերը քաղաքական հարցերի և անվտանգության կոմիտեի զեկուցողի աշխատանքին կենտրոնացնելու ցանկությամբ:
Նստաշրջանում իր ելույթի ժամանակ Վիգենինը համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասի երեք երկրները հարկավոր է դիտարկել առանձին: Նրա ասելով, Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերը միանգամայն տարբեր են Վրաստանում առկա իրավիճակից, և երեք երկրները ունեն տարբեր մոտեցումներ ու նպատակներ:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ առկա իրավիճակում հատուկ ներկայացուցչի պաշտոնը ձևական բնույթ է կրում: «Տարածաշրջանում առկա իրավիճակը պայմաններ չի ստեղծում նախաձեռնությունների և ավելի լայն երկխոսության համար: Գործընթացի բոլոր մասնակիցները նախապատվություն են տալիս պակաս նախաձեռնող և ավելի պասիվ անձի: Տարածաշրջանում չկան և չեն լինի լիարժեք կապեր և հակամարտության գոտի այցելելու հնարավորություն: Չկա աջակցություն հատուկ ներկայացուցչին, և բոլոր ծախսերը ծածկում է այն երկիրը, որը նա ներկայացնում է: Այդ պատճառով, ստեղծված իրավիճակում հատուկ ներկայացուցչի պաշտոնը պետք է սառեցվի, իսկ լիազորությունները հարկավոր է վերապահել ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահին՚, - եզրափակել է նա: