Արմինֆո.Ադրբեջանի իշխանությունները, շարունակելով մարդաորսն իրենց երկրում, հիմա էլ փորձում են դրանով զբաղվել ԱՀ սահմաններից դուրս: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է արտաքին հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ՀՅԴ «Հայ դատի՚ եվրոպական գրասենյակի ղեկավար Գասպար Կարամպետյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար Բաքվի դիմումին Ինտերպոլ:
«Մեծ հույս ունեմ, որ եվրոպական կառույցները տեղի չեն տա Բաքվի սադրանքին՚, - հայտարարել Աշոտյանը: Նա նաև ընդգծել է, որ Կարամպետյանը հայ ժողովրդի ականավոր զավակ է, որը մեծ ավանդ է ներդրել համահայկական հարցերի միջազգային առաջ մղման գործում:
Հավելենք, որ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծում է, որ Գասպար Կարամպետյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու ոչ մի հիմք չկա, և Ինտերպոլն այդ հարցում Ադրբեջանին կմերժի: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ադրբեջանի նման հուսահատ քայլերի առաջին նպատակն է մամուլում էժանագին աղմուկ բարձրացնել և վախի մթնոլորտ առաջացնել: «Այս օրերին, երբ Եվրախորհրդարանում նշվելու է Արցախյան շարժման 30-ամյակը, Ադրբեջանը փորձում է նման հերյուրանքներով եվրոպական հասարակության ուշադրությունը շեղել», - ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Բելգիայում գործող «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի» ղեկավար, «Հայ դատի՚ կոմիտեի եվրոպական բյուրոյի ղեկավար Գասպար Կարամպետյանի նկատմամբ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով երկրի գլխավոր դատախազությունը, Կարամպետյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի՝ պետության դեմ ուղղված հրապարակային կոչերի մասին 281.2 և «կազմակերպված խմբով Ադրբեջանի սահմանը հատելու մասին» 318.2 հոդվածներով: Գերատեսչությունում նշում են, որ Կարամպետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Ուշագրավ է, որ Կարամպետյանը ադրբեջանական իշխանությունների առջև «մեղավոր է՚ այն բանի համար, որ վերջին տարում բազմիցս այցելել է Արցախ և բարձրացրել նրա ճանաչելիությունը միջազգային ասպարեզում: Կարամպետյանի այդ գործողությունները հարուցել են Բաքվի զայրույթը, և նա համալրել է այն անձանց շարքերը, որոնք ոչ միայն դարձել են Ադրբեջանում անցանկալի անձեր, այլև ադրբեջանական կողմի պահանջով հայտնվել են Ինտերպոլի գծով հետախուզման մեջ` ապօրինի Արցախ այցելելու համար: Հիշեցնենք, որ Արցախ այցելելու համար Ադրբեջանի հարցմամբ Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում է հայտարարվել եվրոպական ականավոր քաղաքական գործիչների, արվեստի և գիտության գործիչների, լրագրողների և բլոգերների նկատմամբ: