Արմինֆո.Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Բելգիայում գործող «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի» ղեկավար, «Հայ դատի՚ կոմիտեի եվրոպական բյուրոյի ղեկավար Գասպար Կարամպետյանի նկատմամբ:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով երկրի գլխավոր դատախազությունը, Կարամպետյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի՝ պետության դեմ ուղղված հրապարակային կոչերի մասին 281.2 և «կազմակերպված խմբով Ադրբեջանի սահմանը հատելու մասին» 318.2 հոդվածներով: Գերատեսչությունում նշում են, որ Կարամպետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Ուշագրավ է, որ Կարամպետյանը ադրբեջանական իշխանությունների առջև «մեղավոր է՚ այն բանի համար, որ վերջին տարում բազմիցս այցելել է Արցախ և բարձրացրել նրա ճանաչելիությունը միջազգային ասպարեզում: Կարամպետյանի այդ գործողությունները հարուցել են Բաքվի զայրույթը, և նա համալրել է այն անձանց շարքերը, որոնք ոչ միայն դարձել են Ադրբեջանում անցանկալի անձեր, այլև ադրբեջանական կողմի պահանջով հայտնվել են Ինտերպոլի գծով հետախուզման մեջ` ապօրինի Արցախ այցելելու համար:
Հիշեցնենք, որ Արցախ այցելելու համար Ադրբեջանի հարցմամբ Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում է հայտարարվել եվրոպական ականավոր քաղաքական գործիչների, արվեստի և գիտության գործիչների, լրագրողների և բլոգերների նկատմամբ: