Արմինֆո. Լիարժեք ձևաչափով բանակցությունների բացակայությունը Ադրբեջանի ղեկավարության՝ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու քաղաքական կամքի բացակայության ածանցյալն է: Այդ մասին փետրվարի 19-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասել է Արցախի ԱԳՆ ղեկավարի Մասիս Մայիլյանը:
«Առաջին հերթին, կցանկանայի պարզաբանել տերմինաբանության հարցը։ Լիարժեք են այն բանակցությունները, որոնք տարվում են 1994 թ. մայիսին հրադադարի մասին համաձայնագիր ստորագրած երեք կողմերի՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Հենց այդ ձևաչափն է ամրագրված ԵԱՀԽ/ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում։ Ելնելով դրանից մենք գտնում ենք, որ ջանքերը պետք է ուղղված լինեն Արցախ-Ադրբեջան-Հայաստան եռակողմ բանակցությունների վերսկսմանը, այլ ոչ թե նոր բանակցային ճարտարապետության ստեղծմանը։
Անհրաժեշտ է նաև նշել, որ լիարժեք ձևաչափով բանակցությունների բացակայությունը Ադրբեջանի ղեկավարության՝ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու քաղաքական կամքի բացակայության ածանցյալն է։ Խոչընդոտելով Արցախի ուղղակի և լիարժեք մասնակցությամբ եռակողմ բանակցությունների վերսկսումը, հրաժարվելով կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված խաղաղարար նախաձեռնությունների իրականացումից, վարելով հակամարտության սրման հետևողական քաղաքականություն՝ Ադրբեջանը նպատակաուղղված կերպով ձգձգում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը։
Այդ կապակցությամբ տեղին է հիշեցնել, որ լիարժեք ձևաչափով բանակցությունները ժամանակին ընդհատվել են ադրբեջանական կողմի նմանատիպ մեքենայությունների արդյունքում։ Մեծ քաղաքական համաձայնագրի մշակման համար տարվող բուռն աշխատանքների ժամանակ Ադրբեջանը սկսել է պնդել կարգավորման սկզբունքների մշակման վրա՝ որպես բանակցությունների շարունակման հիմք։ Այժմ Ադրբեջանն առաջարկում է հրաժարվել հակամարտության կարգավորման սկզբունքների իր իսկ նախաձեռնած քննարկումից և սկսել ինչ-որ կառուցվածքավորված բանակցություններ: Ադրբեջանական իշխանությունների նմանատիպ անհետևողականությունը կասկած չի հարուցում նրանում, որ տվյալ նախաձեռնությունը, ինչպես և նախորդները, ընդամենը հնարք է, որը պայմանավորված է Ադրբեջանի դժկամությամբ՝ ընդունելու Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքը որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հիմք»,- ասել է Արցախի ԱԳՆ ղեկավարը: