Արմինֆո. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում գործող կարգավորումներն անբավարար են, այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը
«Սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդարության ապահովման գործընթացում կարևոր դերակատարում ունեն բժշկական սոցիալական փորձաքննություն կատարող հանձնաժողովները։ Չնայած նախկինում ձեռնարկված որոշ միջոցների՝ ներկայումս գործող կարգավորումները, ինչպես նաև նշված հանձնաժողովների արդյունավետությունն անբավարար են։ Մասնավորապես՝ հանձնաժողովների գործունեության մեջ նվազագույնի հասցված չեն սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը, հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ և կանխատեսելի չէ, լիարժեք չէ հաշմանդամության ճանաչման գործընթացի կազմակերպման և մոնիթորինգային համակարգը», - նշել է Կարեն Կարապետյանը։
Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի և
առողջապահության նախարարներին 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի որակապես փոփոխմանն ուղղված առաջարկություններ, հստակ անդրադարձ կատարելով՝ փորձաքննությունների կազմակերպման ընթացակարգերի, մոնիթորինգային համակարգի և բժիշկ-փորձագետին ներկայացվող պահանջների վերանայման, ոլորտային պատասխանատվության շրջանակի հստակեցման, բժշկական և կենսագործունեության փորձաքննությունների տարանջատման, ինչպես նաև գործընթացի թվայնացման և էլեկտրոնային առողջապահության համակարգին համակցման հարցերին։ «Այն, ինչ առաջարկում են աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարությունները սահմանելու է խաղի նոր կանոններ և սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծելու»,- ընդգծել է վարչապետը: