Արմինֆո. Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն է տվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին ձեռք բերել «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ընկերության 90.5 տոկոս բաժնետոմսերը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համալսարանը նախատեսում է ընդլայնել գիտակրթական, հանրակացարանային, ուսումնական և կլինիկական նշանակության շենքային պայմանները՝ իրականացնելով մոտ 4.5-5 մլրդ ՀՀ դրամ կապիտալ ներդրում:
Ինչպես հայտարարել է կրթության նախարար Լևոն Մկրտչյանը, ծրագիրը նպատակաուղղված է բժշկական համալսարանի զարգացմանը: Նրա ասելով, բժշկական կրթությունն այսօր բավականին մրցակցային է: Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը, որպես հիմնական կրթական հաստատություն, արդեն հասցրել է արձանագրել որոշակի բարձունքներ. բուհի յուրաքանչյուր չորրորդ ուսանող օտարերկրացի է (աշխարհի շուրջ 30 երկրներից): «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ՚ ՓԲԸ հիման վրա կձևավորվի կլինիկական կենտրոն` նոր մասնաշենքերով և հանրակացարանային համալիրով՚, - նշել է նախարարը:
Փաստաթղթի տեղեկանք-հիմնավորման համաձայն, համալսարանի և «Միքայելյան վերաբուժության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության հիմնական բաժնետերերի հետ նախնական բանակցությունների արդյունքում նախատեսվում է ձեռք բերել տվյալ ընկերության կանոնադրական կապիտալի 90.5 տոկոս մասնաբաժինը մոտ 2.5 մլրդ ՀՀ դրամով: Գործարքի արդյունքում ընկերությանը պատկանող 32,000 ք.մ ընդհանուր մակերեսով շենքերն ու շինությունները կանցնեն Համալսարանի տնօրինության տակ եւ մոտ 4 մլն. ԱՄՆ դոլար լրացուցիչ ներդրումների իրականացման պարագայում հնարավորություն կստեղծվի ունենալու լրացուցիչ 32,000 ք.մ ուսումնական, գիտական, կլինիկական և հանրակացարանային գործառույթների իրականացնելու համար արդի պայմաններ։ «Այսպիսով, իրականացնելով մոտ 4.5-5 մլրդ. ՀՀ դրամ կապիտալ ներդրումներ, Համալսարանը կունենա մոտ 59,000 ք.մ «արտադրական» տարածքներ, ինչպես գիտակրթական գործունեության ընդլայնման, այնպես էլ համալսարանական հիվանդանոցների գործունեության ընդլայնման և զարգացման համար՚, - ասվում է որոշման տեղեկանք-հիմնավորումում: