Արմինֆո. Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ
Հայաստանի և Խորվաթիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:
Հայկական պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, խորվաթականը` արտաքին և եվրոպական գործերի նախարարի քաղաքական հարցերով օգնական (տեղակալ) Վիկե Սկրաչիչը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, խորհրդակցությունների օրակարգում էր հայ-խորվաթական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Կարևորելով ամենաբարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը շարունակելու փոխադարձ ցանկությունը` երկուստեք առանձնացվել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և թիրախավորված ոլորտային համագործակցության հարցերը, միջազգային կառույցներում երկու երկրների միջև փոխգործակցությունը, ինչպես
նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացքը։
Խորհրդակցությունների ընթացքում Վիկե Սկրաչիչն անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին, մասնավորապես՝ Արևմտյան Բալկաններին, սիրիական հարցին ու ներգաղթյալների
ճգնաժամին: Խորվաթ դիվանագետի խնդրանքով նախարարի տեղակալ Նազարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերն ու մոտեցումները։