Արմինֆո. ՀՀԿ-ն մտադիր է վարչապետի թեկնածու առաջադրել գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Փետրվարի 9-ին ԱԺ ամբիոնից այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել «Ելք՚ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրա ասելով, երկրում դե-ֆակտո կառավարող կուսակցությունն արդեն համապատասխան որոշում է կայացրել: «Եթե Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու որոշում կայացնի, դա կարող է կտրուկ սրել ներքաղաքական իրավիճակը՚, - հայտարարել է ընդդիմադիր գործիչը:
Նույն խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն, իր հերթին, հիշեցրել է, որ ՀՀ սահմանադրությամբ ներման մասին որոշումը վերապահված է նախագահին, սակայն այսօր առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծով, փաստորեն, այդ ինստիտուտն ուժը կորցնում է, իսկ ապագա նախագահի լիազորությունները կկրեն ձևական բնույթ:
«Ելք՚ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ կարծում է, որ իշխանությունը շտապ կարգով փորձում է մինչև ապրիլ ապագա վարչապետի համար ապահովել հնարավորինս շատ իրավունքներ և լիազորություններ: «Ապագա վարչապետի լիազորությունների էական ընդլայնումը երկրի համար աղետալի բնույթ կկրի: Հայաստանի կառավարության ղեկավարն անհամեմատ ավելի շատ լիազորություններ կունենա, քան,
նույնիսկ, Հայաստանի գործող նախագահը՚, - հայտարարել է պատգամավորը, հավելելով, որ նոր օրենքների ընդունմամբ երկիրը գնում է վարչապետի համար սուպեր-ինստիտուտի ձևավորման, ինչն անթույլատրելի է:
Փետրվարի 9-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է մի շարք օրինագծեր, որոնցով, գործնականում, վարչապետին վերապահվում են մի շարք նոր լիազորություններ և գործառույթներ: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, «Ներման մասին՚, «Հանրային խորհրդի մասին՚, «Անվտանգության խորհրդի ձևավորման և գբործունեության մասին՚ օրենքներին:
Ավելի վաղ, վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրներ, ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ ապրիլին վարչապետի պաշտոնի համար Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման մասին քաղաքական որոշումն արդեն կայացված է: