Արմինֆո.Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 8-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների զարգացման, Հայաստանում սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարման նոր համակարգի ձևավորման շուրջ, քննարկել են տարածաշրջանային հարցեր:
Արմեն Սարգսյանը հանդիպել է նաև պատգամավոր Ալեքսանդր Հոլրոյդի հետ, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Լինելով Ֆրանսիայի քաղաքացի` Հոլրոյդը բնակվում է Միացյալ Թագավորությունում և այնտեղից ընտրվում է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր։ Նման ձևաչափը թույլ է տալիս ներկայացնել Ֆրանսիայի շահերը մեծ ֆրանսիական համայնքներ ունեցող երկրներում` ներառյալ Միացյալ Թագավորությունը:
Ավելի վաղ, փետրվարի 6-ին Սարգսյանը հանդիպել էր Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ` ներկայացնելով իր տեսլականը երկրի հետագա զարգացման, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև ներդրումային համակարգի բարելավման վերաբերյալ: Նա կարևորել էր որակյալ կրթությունն ու երիտասարդության դերը առկա խնդիրների հաղթահարման, ժողովրդավարության ամրապնդման և Հայաստանի հետագա զարգացման գործում: