Արմինֆո. Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի հայտարարությունը, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ճակատագիրը, պայմանավորված է ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին Շվեցարիայի քաղաքականության հավատարմությամբ:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Պետք չէ մոռանալ, որ ղարաբաղյան հակամարտությունը տարածքային վեճ չէ, ինչպես դա փորձում է ներկայացնել Ադրբեջանը: Դա առաջին հերթին մարդու ժողովրդավարական իրավունքների պաշտպանության հարց է, որի հիմնարար տարրերից մեկը ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, և միջազգային հանրությունը շատ լավ գիտակցում է դա»,- բացատրել է Շարմազանովը՝ ընդգծելով, որ հայկական կողմի համար շատ կարևոր է այն, որ Շվեյցարիայի նման երկրի առաջնորդներից մեկը նման հայտարարություն է արել՝ պաշտպանելով սեփական ճակատագիրը որոշելու արցախյան ժողովրդի իրավունքը: Նա նշել է, որ 1945 թվականին ՄԱԿ-ի անդամ է եղել 57 երկիր, այժմ կազմակերպության մեջ է մտնում ավելի քան 200 երկիր, այսինքն՝ համաշխարհային միտումները զարգանում են
ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի ուղղությամբ:
Անդրադառնալով Երևանում Բյումանի հայտարարության առնչությամբ ադրբեջանական հիստերիային՝ փոխխոսնակը նշել է, որ դա կապված է այն բանի հետ, որ Բաքուն մինչև հիմա չի համակերպվել փաստի հետ, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Հելսինկյան երեք սկզբունքների՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի չգործադրման հիման վրա: «Արցախի ժողովուրդը պետք է, իր իրավունքի համաձայն, սեփական ճակատագիրը որոշելու հնարավորություն ունենա: Եվ որքան շուտ հասկանան դա Բաքվում, այնքան ավելի շուտ կկարողանանք գտնել այդ հարցի հանգուցալուծումը»,- նշել է Շարմազանովը՝ ընդգծելով, որ Արցախը 1991 թվականին ինքնորոշվել է՝ նույն հիմունքներով, ինչ խորհրդային մյուս հանրապետությունները:
Նշենք, որ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը փետրվարի 6-ին իր հայ գործընկեր Արա Բաբլոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Արցախի ժողովուրդը լիակատար իրավունք ունի ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը: «Այդ հարցը պետք է լուծվի բացառապես բանակցությունների շրջանակում` հաշվի առնելով ՄԱԿ կոնվենցիաները, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը` ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ համատեղ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ընտրելու սեփական ճակատագիրը, ինչպես և մյուս բոլոր ժողովուրդները, միայն այդպես կարելի է հասնել խաղաղության և կայունության տարածաշրջանում՚, - նշել է Բյումանը:Բյումանի այս հայտարարությունը հարուցել է Բաքվի վրդովմունքը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, մասնավորապես, հայտարարել է. «Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը, չարաշահելով իր պաշտոնական կարգավիճակը, Հայաստան այցի ընթացքում հանդես է եկել կանխակալ հայտարարություններով, որոնք հակասում են Շվեյցարիայի չեզոքությանը, ինչով վնաս է հասցրել ղարաբաղյան հաիկամարտության կարգավորման շուրջ բանակցություններին: Բյումանը 2012 թվականին, առանց Ադրբեջանին պատշաճ տեղեկացման, այցելել է Լեռնային Ղարաբաղ՝ այդպիսով «խախտել» ադրբեջանականի օրենքները: Այդ այցով և այժմ Երևանում արած հայտարարությամբ նա փորձում է արդարացնել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ագրեսիան»,- ասել է Հաջիևը: