Արմինֆո. Պաշտոնական Բաքվի արձագանքը Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի հայտարարությանը, որ Արցախի
ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ճակատագիրը, լիովին կանխատեսելի է, քանի որ Ադրբեջանը խախտում է քաղաքակրթության ցանկացած նորմ, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Արցախի նախագահի ներկայացուցիչը հիշեցրել է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, ՄԱԿ-ի Կանոնադրության առանցքային կետերից մեկը: «Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմը մերժում է մարդու իրավունքների ցանկացած ձև, և նման արձագանքն արդեն չի զարմացնում: Բայց, կարծում եմ, միջազգային հանրությունը, հատկապես՝ եվրոպական երկրները, պետք է եզրակացություններ անեն, հավաքեն նման հայտարարությունները որոշակի բազայում և հետո ներկայացնեն Ադրբեջանին, քանի որ չի կարելի մատների արանքով նայել նմանօրինակ հայտարարություններին»,- ասել է Բաբայանը:
Նշենք, որ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը փետրվարի 6-ին իր հայ գործընկեր Արա Բաբլոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Արցախի ժողովուրդը լիակատար իրավունք ունի ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը: «Այդ հարցը պետք է լուծվի բացառապես բանակցությունների շրջանակում` հաշվի առնելով ՄԱԿ կոնվենցիաները, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը` ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ համատեղ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ընտրելու սեփական ճակատագիրը, ինչպես և մյուս բոլոր ժողովուրդները, միայն այդպես կարելի է հասնել խաղաղության և կայունության տարածաշրջանում՚, - նշել է Բյումանը:
Բյումանի այս հայտարարությունը հարուցել է Բաքվի վրդովմունքը: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի
ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, մասնավորապես, հայտարարել է. «Շվեյցարիայի
Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը, չարաշահելով իր պաշտոնական կարգավիճակը, Հայաստան այցի ընթացքում հանդես է եկել կանխակալ հայտարարություններով, որոնք հակասում են Շվեյցարիայի չեզոքությանը, ինչով վնաս է հասցրել ղարաբաղյան հաիկամարտության կարգավորման շուրջ բանակցություններին: Բյումանը 2012 թվականին, առանց Ադրբեջանին պատշաճ տեղեկացման, այցելել է Լեռնային Ղարաբաղ՝ այդպիսով «խախտել» ադրբեջանականի օրենքները: Այդ այցով և այժմ Երևանում արած հայտարարությամբ նա փորձում է արդարացնել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ագրեսիան»,- ասել է Հաջիևը: