Արմինֆո. Հայ-Իրանական համագործակցության հարցեր են քննարկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական
Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԺ մամուլի ծառայությունից, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն արժեւորել է հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ այդ համատեքստում ընդգծելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը:
Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Իրանի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: Նա կարծիք է հայտնել, որ հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու բոլոր փորձերը դատապարտելի են եւ ձախողված՝ որպես երկու մեծ կրոնների երկխոսության լավագույն օրինակ վկայակոչելով հայ-իրանական հարաբերությունները:
Կողմերն անդրադարձել են նաեւ բազմոլորտ համագործակցությանը, մասնավորապես առեւտրատնտեսական կապերի խթանմանը: «Մենք շահագրգռված ենք Իրանի հետ տնտեսական հարաբերությունների խորացմամբ: Թե՛ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը եւ թե՛ ՀՀ-ԵՄ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության
համաձայնագրի ստորագրումը երկկողմ հարաբերությունների լրացուցիչ հնարավորություն են»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը երկկողմ տնտեսական օրակարգի հարցերը հանգամանալի քննարկելու նպատակով առաջարկել է ոլորտային հանձնաժողովների հանդիպումները դարձնել հաճախակի՝ տարբեր ձեւաչափերով:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Մեղրիի ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններն արդյունավետ օգտագործելուն, ներդրումների խթանմանն օժանդակող օրենսդրության բարելավմանը, այլ հարցերի: