Արմինֆո. Ադրբեջանին չի հաջողվել Բելառուսից ձեռք բերել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ՝ Հայաստանի կողմից խոչընդոտների պատճառով: Այդ մասին «Комсомольская правда Беларусь»-ին ասել է ռազմական փորձագետ Ալեքսանդր Ալեսինը:
«Մենք ցանկացել ենք «Պոլոնեզ» վաճառել Ադրբեջանին, բայց դրան դեմ էր Հայաստանը՝ ՀԱՊԿ գծով մեր գործընկերը: Հնարավոր է, «Պոլոնեզի» առաջին գնորդը Ղազախստանը
դառնա»,- ասել է Ալեսինը:
Միաժամանակ նա փաստել է, որ Ադրբեջանը Բելառուսից սպառազինության ամենախոշոր գնորդներից մեկն է: Նրա խոսքով, Մինսկը Բաքվին վաճառում է ՀՕՊ համակարգեր, մասնավորապես՝ «Բուկ» արդիականացված զենիթահրթիռային համակարգեր: «Հոկտեմբերին այնտեղ անցկացրել ենք հրաձգություններ, և ադրբեջանցիները գոհ են մնացել: Կա համագործակցությունն ընդլայնելու հեռանկար: Բացի այդ, մենք Ադրբեջանի համար արդիականացնում ենք «Սու-27» և «Սու-25» կործանիչներ»,- ասել է Ալեսինը: Միաժամանակ նա չի բացառել, որ Բելառուսը շուտով սկսի ոչ մահաբեր զենք վաճառել Հայաստանին:
Ավելի վաղ Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հայտնել էր, որ Ադրբեջանը 170 մլն դոլարի զենք է գնել Բելառուսից: ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ադրբեջանի և Բելառուսի միջև տեղի է ունեցել «Պոլոնեզ» համազարկային ռեակտիվ համակարգերի գնման գործարք: Ադրբեջանական կողմը կանխավճար է վճարել համակարգերի արտահանման համար: