Արմինֆո. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խիստ դատապարտելի է համարում «Medialab.am» լրատվական կայքի խմբագրության հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ տեղեկությունները։
«Իրավապահ մարմինները պետք է քրեական ընթացակարգի շրջանակում անմիջապես ստուգեն լրատվամիջոցի հրապարակման առնչությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սպառնալիքի հնչեցման հարցը։ Այդպիսի արարք կատարած անձը ենթակա է խիստ պատասխանատվության՝ հետագայում նմանատիպ ցանկացած դեպք բացառելու
համար։
Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ։ Ձեռնարկված միջոցների և դրանց ընթացքի մասին իրավապահ մարմիններից պահանջվել են անհրաժեշտ տեղեկություններ՚, - ասվում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի
բաժնից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ` պահանջելով գտնել և քրեական պատասխանատվության ենթարկել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Medialab.am» լրատվական կայքի խմբագրության հասցեին սպառնալիքի հեղինակին: Սպառնալիքը հայտնվել էր այն բանից հետո, երբ «Medialab.am» լրատվական կայքում տեղեկատվություն էր զետեղվել Հայաստանի ՊՆ կողմից դեկտեմբերին 7 մլն դրամի ծաղիկների գնման և կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ:
Կայքի խմբագիր Մարիանա Գրիգորյանի ասելով, դա կայքի խմբագրությանը հասցեագրված առաջին սպառնալիքը չէ. նախորդ տարվա օգոստոսին անհայտ անձինք կոտրել էին խմբագրի մեքենայի ապակիները և առևանգել երկրի ղեկավարությանն առնչվող ծաղրանկարները: Հանցագործին այդպես էլ չի հաջողվել գտնել, իսկ քրեական գործը փակվել է: