Արմինֆո. Կազմակերպչական աջակցության ցանկացած ձև օգտակար կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնելու գործում:
Այդ մասին փետրվարի 1-ին Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նրա իտալացի գործընկեր, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոն՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման շուրջ պայմանավորվածությանը:
«Դրանից ելնելով էլ՝ գտնում ենք, որ խոսքը վերաբերում է բավական կարևոր և դրական քայլին: Կարող եմ նաև ավելացնել, որ կատարված աշխատանքը և այն, ինչ արվելու է, համապատասխանում է Հելսինկյան եզրափակիչ ակտին: Կարծում եմ, որ դա տեսանելի և կարևոր աջակցություն կլինի կարգավորման գործընթացի արագացմանը»,- ասել է Ալֆանոն՝ լիակատար աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:
«Ըստ որում, մենք չենք գտնում, որ դա միակ հնարավոր ձևաչափն է: Սակայն, մեր դիրքորոշումն է՝ աջակցել այն քաղաքականությանը, որ որդեգրել էր Կազմակերպությունում նախորդ համանախագահող երկիրը: Եվ գտնում ենք, որ դա արդարացի է»,-ասել է ԵԱՀԿ գործող նախագահը: