Արմինֆո. «Ռուսաստանի շահերը և Հայաստանի շահերը համընկնում են ամենևին ոչ բոլոր հարցերում՝ չնայած այն բանին, որ մենք Մոսկվայի ռազմավարական գործընկերն ենք:
Շահերի բախման կետերից մեկը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի
մատակարարումն է: Տվյալ դեպքում մեր շահերը զոհաբերվում են, սակայն մենք կարող ենք փոխել այդ իրավիճակը»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: Սաֆարյանը նշել է, որ քանի դեռ մենք շարունակում ենք ամեն բանում համաձայնել Մոսկվայի հետ, մեր շահերը հաշվի չեն առնվի, և մենք հավասար հարաբերություններ չենք ունենա: «Ռուսաստանը տվյալ պահին երկակի խաղ է խաղում՝ զենք մատակարարելով թե Հայաստանին, թե Ադրբեջանին՝ այդպիսով ամբողջովին վերահսկելով իրավիճակը և կախվածության մեջ պահելով երկու կողմերին: Հայաստանի շահերը տվյալ իրավիճակում անտեսվում են: Մենք պետք է այնպես անենք, որպեսզի մեր դիրքորոշումը
լսելի լինի Մոսկվային և հաշվի առնվի վերջինիս կողմից»,- նշել է քաղաքագետը:
Փորձագետի կարծիքով, Հայաստանը պետք է մշտապես հնչեցնի իր դիրքորոշումն այն առնչությամբ, որ ճիշտ չի համարում Մոսկվայի՝ որպես ռազմավարական գործընկեր, Ադրբեջանին զինելու քաղաքականությունը: «Մոսկվան կսկսի հաշվի առնել մեր շահերը միայն այն ժամանակ, երբ գիտակցի Հայաստանին կորցնելու վտանգը՝ որպես գործընկեր»,- նշել է փորձագետը: Ըստ որում, Սաֆարյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանին ռուսական զենքի ներկայիս խմբաքանակի մատակարարումը վտանգ չի պարունակում և չի անդրադառնա տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա, քանի որ տվյալ պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը ձեռնտու չէ ոչ Ռուսաստանին, ոչ Եվրոպային, ոչ ԱՄՆ-ին: «Դա պարզապես Ռուսաստանի համար շահավետ տնտեսական և քաղաքական գործարք է»,- ասել է փորձագետը: