Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին վերընտրվելու կապակցությամբ՝
մաղթելով քաջառողջություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ երկրի նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, շնորհավորական ուղերձում ասվում է. «Հայաստանը և Ֆինլանդիան զարգացրել են կայուն գործընկերային հարաբերություններ՝ խարսխված ընդհանուր արժեքների, վստահության և փոխօգնության պատրաստակամության վրա։ Բարձր ենք գնահատում Ֆինլանդիայի հավասարակշռված քաղաքականությունը մեր տարածաշրջանի հանդեպ, միաժամանակ շահագրգռված ենք առավել խորացնելու մեր քաղաքական երկխոսությունն ամենաբարձր մակարդակով»։
Հունվարի 28-ին Ֆինլանդիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է գործող նախագահ Սաուլի Նիինիստյոյը` ստանալով ընտրողների ավելի քան 60 տոկոսի աջակցությունը: Նրա հիմնական մրցակիցը` «Կանաչների՚ կուսակցության թեկնածու Պեկա Հաավիստոն, հավաքել է ընտրողների ձայների ընդամենը 12 տոկոսը: