Արմինֆո. Այսօր ՀՀԿ-ից Հայաստանի նախագահի պաշտոնի թեկնածու, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը գիտական շրջանակների և ԳԱԱ ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ համաձայնել է պատասխանել լրագրողների ընդամենը մեկ հարցի, որն առնչվում էր իր տկնոջ` բրիտանական Daily Mirror-ում հրապարակված աղմկահարույց հարցազրույցին, որում նա պատմում է Սարգսյանների ընտանիքի մասին:
Արմեն Սարգսյանը, մասնավորապես, հավաստիացրել է, որ հարցազրույցը ճիշտ չի թարգմանվել հայերեն, ինչի արդյունքում առաջացել է չհիմնավորված հասարակական հակազդեցություն: «Եթե դուք ընթերցեք հարցազրույցի բնօրինակը, կտեսնեք, որ տիկինս չի ասել, թե մեր որդիները բրիտանացի են: Նա ընդամենն ասել է, որ նրանք Մեծ Բրիտանիայում իրեն զգում են ինչպես բրիտանացի, սակայն նրանք հպարտ հայեր են: Որդիներս Հայաստանի քաղաքացի են` դրանից բխող բոլոր հետևանքներով՚, - բացատրել է թեկնածուն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները թարգմանաբար հրապարակել էին Արմեն Սարգսյանի տիկնոջ վերը նշված հարցազրույցը, և թարգմանված տեքստի համաձայն, տիկինը խոստովանել էր, որ իրենց որդիները բրիտանացի են, սակայն հպարտ են իրենց հայկական արմատներով, ինչը հակազդեցություն էր հարուցել Հայաստանի հասարակության շրջանում:
Նախօրեին ՀՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ իր առաջադրման վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի Հայաստանի հասարակաքաղաքական, գիտական, մշակութային և այլ սոցիալական շրջանակների հետ հանդիպումներից հետո: Սակայն, ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ բարձրաստիճան մի ներկաայցուցիչ, եթե Արմեն Սարգսյանն ի սկզբանե համաձայնություն տված չլիներ իր առաջադրմանը, նրա թեկնածությունը պաշտոնապես չէր հրապարակվի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
Հայաստանի նախագահի ընտրությունը տեղի է ունենալու մարտի 2-ին: ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն պաշտպանելու են Սարգսյանի թեկնածությունը: Սակայն, որպեսզի նա ընտրվի, հարկավոր է ևս 14 պատգամավորի ձայն` մյուս քաղաքական ուժերից: