Արմինֆո. Հայաստանի ապագա վարչապետը երկիրը կղեկավարի Բաղրամյան 26-ից՝ ներկայիս գործող նախագահի նստավայրից: Այդ մասին ասվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրինագծում՝ ներկայացված e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման
միասնական նոր կայքում:
Փաստաթղթի համաձայն, վարչապետի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանում է վարչապետը, որը չի կարող գերազանցել 600-ը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարչապետի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ ոչ ավել, քան տարեկան 150 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով: Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է վարչապետը:
Վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են` նստավայր Երևանում (հասցեն՝ Բաղրամյան 26), ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք), պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 3-րդ մասնաշենք), հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:
Վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:
Նշվում է նաև, Ազգային ժողովի նախագահին և Սահմանադրական դատարանի նախագահին
տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ: Վարչապետի որոշմամբ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կարող է տրամադրվել ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ազգային ժողովի նախագահը կարող է ունենալ պահուստային ֆոնդ ոչ ավել, քան տարեկան 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է Ազգային ժողովի նախագահը:
Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, պաշտոնաթող
Հանրապետության նախագահը, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից: Հատուկ սրահից կարող են օգտվել նաև Հանրապետության նախագահի և վարչապետի պաշտոնական հրավերով ժամանած պատվիրակության անդամները: Առանձին դեպքերում հատուկ սրահից կարող են օգտվել նաև այլ անձինք՝ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով: