Արմինֆո. Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանում է Հանրապետության նախագահը, որը չի կարող գերազանցել 180-ը:
Այդ մասին ասվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և
սոցիալական երաշխիքների մասին» օրինագծում՝ ներկայացված e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական նոր կայքում: Օրինագծի համաձայն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հանրապետության նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավել, քան տարեկան 75 միլիոն դրամի չափով: Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է Հանրապետության նախագահը:
Հանրապետության նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`
նստավայր Երևանում (հասցեն՝ Մաշտոցի 47), ծառայողական առանձնատուն Երևանում`
համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք), պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 1-ին մասնաշենք). հատուկ նշանակության ավտոտրանսպորտ: Բացի այդ, հանրապետության նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:
Պաշտոնաթող հանրապետության նախագահին տրամադրվում է ավտոտրանսպորտ և՝ իր ցանկությամբ՝ կահավորված գրասենյակ: Պաշտոնաթող հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացված միջոցներից: Պաշտոնաթող հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է ոչ ավել, քան երեք հաստիքային միավոր, որոնք ընդգրկվում են հանրապետության նախագահի աշխատակազմի հաստիքացուցակում:
Պաշտոնաթող հանրապետության նախագահի` մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավել, քան տաս օր ընդհանուր տևողությամբ այցի ծախսերը հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:Պաշտոնաթող հանրապետության նախագահի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018 թվականի բյուջեի նախագծի համաձայն, Հայաստանի նախագահի աշխատակազմի պահպանմանը հատկացվել է 2.381 մլրդ դրամ, 2017-ի 4,880 մլրդ դրամի փոխարեն:
Նշենք, որ 2018 թվականի ապրիլից Հայաստան ամբողջությամբ անցնում է խորհրդարանական
կառավարման ձևին: Այն ժամանակ էլ լրանում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: