Արմինֆո. Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն դատապարտել է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն Բրատիսլավայում իր հայաստանյան գործընկեր Արա Բաբլոյանի հետ հանդիպումից հետո:
«Հայերը ցեղասպանություն են վերապրել, նրանք հարձակումների թիրախ են եղել և շատ զրկանքներ են կրել, որովհետեւ նրանք եղել են քրիստոնեության կղզի (Օսմանյան կայսրությունում): Հայերը պայքարել են իսլամացման դեմ և հալածվել: Միլիոնավոր հայեր ճնշումների են ենթարկվել: Հայերը վերապրել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»,- ասել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, որոնք վերաբերել են միջպետական հարաբերությունների ողջ շրջանակին, այդ թվում խորհրդարանական երկխոսությանը: Օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության առավել խթանման հարցում կարեւորվել է խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությունը: Անդրադարձ է կատարվել նաեւ տարբեր միջազգային եւ միջխորհրդարանական կազմակերպությունների շրջանակում երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանը:
Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին՝ զրուցակիցները փաստել են, որ այն ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր եւ նման ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը կարեւոր է դրանց hետագա կանխարգելման համար: ՀՀ Ազգային ժողովի նախագահը փաստել է, որ Սլովակիան այն երկրներից է, որի խորհրդարանը բացի այն, որ ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, նաեւ Քրեական օրենսգրքում սահմանել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող հոդվածներ:
Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Խոսվել է նաեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին, որը նոր էջ է բացում ՀՀ-ԵՄ հարաբերություններում:
Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումները նոր որակ կհաղորդեն եւ հեռանկարներ կբացեն երկկողմ համագործակցության ընդլայնման գործընթացում:
Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն, խոսելով երկու երկրների համագործակցության մասին, բարձր է գնահատել այդ հարաբերությունները եւ վստահեցրել, որ հանձինս Հայաստանի՝ Սլովակիան ունի լավագույն գործընկեր եւ բարեկամ: Սլովակիայի խորհրդարանի ղեկավարը կարեւորել է երկու երկրների համագործակցության խորացումը բոլոր բնագավառներում, մասնավորապես կրթության, մշակույթի եւ առեւտրաշրջանառության ոլորտներում: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյին հրավիրել է այցելել Երեւան:
Հանդիպումից հետո պատվիրակությունը Սլովակիայի խորհրդարանի ղեկավարի հետ միասին ծաղկեպսակ է դրել Բրատիսլավայում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողին:
Նույն օրը ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է Սլովակիայի Ազգային ապստամբության թանգարան եւ ծաղկեպսակ դրել Սլովակիայի Ազգային ապստամբների հուշարձանին: