Արմինֆո. Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
Միջոցառման շրջանակներում զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, երիտասարդների, հրավիրյալների և հավատացյալ ժողովրդի մասնակցությամբ տրված Ս.Պատարագի ավարտին եկեղեցում կատարվել է սահմանային գծում մարտական հերթապահություն իրականացնելիս առանձնապես աչքի ընկած պարտադիր ժամկետային զինծառայողների օրհնություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Ս.Սարգսի մասունքակիր աջով:
Այնուհետև առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել թվով քսաներկու այդ զինծառայողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Զինծառայողները Արարատյան թեմի կողմից պարգևատրվել են Սուրբ Սարգիս զորավարի խորհրդանշական խաչ-զարդապատկերներով: