Արմինֆո. Արցախյան դիրքերի ռմբակոծությունների պրիմիտիվ միջոցները պայմանավորված են զինամթերք տնտեսելու Բաքվի ցանկությամբ, լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Արցախի Պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն, հունվարի 20-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդը կիրառել էր ականանետի արկ, անօդաչու թռչող սարք օգտագործելուց հետո մեկ այլ բնագծում ադրբեջանական զինուժը գործողության մեջ էր դրել ևս մեկ հարվածային ԱԹՍ, բայց այս անգամ՝ ականանետի արկի փոխարեն կիրառելով սովորական բաժակի մեջ կաղապարված ձեռքի նռնակ: Հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում ՊԲ-ն որևէ կուրուստ չէր ունեցել:
«Ղարաբաղում լարվածություն պահելն առաջվա պես անհրաժետ է Ադրբեջանին, սակայն մեծ գումարներ ծախսել ռազմամթերքի վրա Բաքուն չի ցանկանում: Պատերազմը ռեսուրսների դիմակայություն է, և միշտ որոշումներ կայացնելիս պետք է գնահատես գործողություններիդ արդյունավետությունն ու գինը: Հակառակորդն, իհարկե, ունի թանկարժեք տեխնիկա՝ իսրայելական հարվածային անօդաչուներ, բայց ինչու դրանք օգտագործել, երբ թանկարժեք անօդաչուները կարող են խոցվել: Դրա համար էլ օգտագործում են սովորական բաժակի մեջ կաղապարված ձեռքի նռնակ»,- նշել է զինվորականը:
Հարությունանը չի բացառում նաև, որ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման վերջին փորձը կարող էր «պատասխան» հանդիսանալ ԵԽԽՎ ամբիոնից Հայաստանի նախագահի ելույթին՝ ի պատասխան ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի սադրիչ հայտարարություններին:
Հունվարի 25-ին Արցախի ՊԲ-ն հայտնել էր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձի մասին: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ էին շպրտվել:
«ՊԲ առաջնագծի լուրջ վերազինումից հետո 2017 թ. ընթացքում Բաքուն դիվերսիաների փորձերից ձեռնպահ էր մնում: Այնուամենայնիվ, լայնամասշտաբ պատերազմում հաղթանակ տանելու սեփական անկարողության գիտակցումը ստիպում է այդ երկրի իշխանություններին ամեն գնով պահպանել շփման գծում լարվածությունը: Այդ իսկ պատճառով Իլհամ Ալիևը հրաժարվում է ներդնել միջադեպերի հետաքննության մեխանիզմներ»,- ասել է Հարությունյանը: