Արմինֆո. Հայոց բանակի հիմքերը դրվել են 1988 թվականին՝ Արցախյան շարժման սկսմամբ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Իհարկե, պաշտոնապես մեր բանակի հիմնադրման օրը 1992 թ. հունվարի 1-ն է: Հենց այդ օրը Վազգեն Սարգսյանը ստորագրեց համար մեկ հրամանը: Սակայն, բանակաշիության գործընթացը Հայաստանում սկսվեց Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախում ինքնապաշտպանության ջոկատների ձևավորմամբ:
Ղեկավարման առաջին մարմինն այն էր, երբ 1990 թ.-ին ընտրվեց գերագույն խորհուրդը և ձևավորվեց պաշտպանության հանձնաժողով, որը ղեկավարեց Վազգեն Սարգսյանը, իսկ սեպտեմբերին ձևավորվեց հատուկ գունդը, որը ապագա Զինված ուժերի հիմք հանդիսացավ»,- նշել է նա:
Հարությունյանը հիշեցրել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո որոշում է կայացվել սպառազինությունն անկախություն ձեռբերած երկրներին հանձնելու վերաբերյալ՝ տարածքային սկզբունքով: Այդպիսով՝ Ադրբեջանին ավելի շատ մնաց, քան Հայաստանին: Նրա խոսքով, Ադրբեջանը ստացավ 60 ուղղաթիռ, իսկ Հայաստանը՝ 2, Ադրբեջանին ԽՍՀՄ-ից ժառանգություն մնաց 400 տանկ,իսկ Հայաստանին՝ ընդամենը 100: Մարդկային ռեսուրսով հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր եռակի անգամ:
«Ես չեմ խոսում արդեն տնտեսական ներուժի մասին: Այստեղ Ադրբեջանը գերազանցում էր Հայաստանին քառակի անգամ: Կարծում եմ, որ մեր հաջողության գրավականը բանակաշինության գործըթնացի ավելի վաղ սկսումն է, ռազմավարական ճիշտ որոշումները և այդ ամենը՝ հակառակորդի կողմից սպառազինությունների ոչ գրագետ կիրառման պայմաններում: Իսկ գլխավոր նախապայմանը հայ ժողովրդի մոտ դարերի ընթացքում հաղթանակի պահանջարկի ձևավորումն էր»,- ամփոփել է Հարությունյանը: