Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարարությունն առայժմ քննարկւոմ է Ղարաբաղյան պատերազմի մասնակից, հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանի աճյունը «Եռաբլուր՚ զինվորական պանթեոնում ամփոփելու նախաձեռնող խմբի դիմումը:
ՊՆ հաղորդման համաձայն, Նախաձեռնող խմբի ներկայացրած փաստաթղթերում չկան փաստեր, որոնք վկայեն Հացպանյանի անցած զինվորական ուղու մասին: Մինչդեռ, գերատեսչության հավաստմամբ, «Եռաբլուրում՚ հուղարկավորություն կազմակերպելու համար անհրաժեշտ են ապացույցներ առ այն, որ տվյալ անձն անցել է որոշակի զինվորական
ուղի: Պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ այս կամ այն անձի անցած զինվորական ուղու մասին տվյալներ է տրամադրում նրա հրամանատարությունը:
Հիշեցնենք, որ Change.org պորտալում ստորագրահավաքի կազմակերպիչները դիմել են ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով թույլ տալ Սարգիս Հացպանյանին արժանիորեն հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում՝ իր զինակից ընկերների կողքին: Նախաձեռնության կազմակերպիչների համոզմամբ, դա կլինի հայկական պետության գնահատանքը իր կյանքը հայրենիքին նվիրած գործչին:
«Հայ անվանի հասարակական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը մեծ ներդրում ունեցավ մեր պետականության կայացման գործում՝ զենքը ձեռքին մասնակցելով ազատամարտին, ապա իր հրապարակումներով ու ելույթներով խոսելով հայրենի երկրին օգտակար լինելու իր տեսլականի մասին: Սարգիս Հացպանյանը անգնահատելի դեր ունեցավ հատկապես Արևմտյան Հայաստանի հայերի ինքնության վերադարձի, քուրդ և թուրք առաջադեմ գործիչների կողմից ցեղասպանությունը ճանաչելու և աշխարհի տարբեր մասերում հայամետ նախաձեռնություններով հանդես գալու գործում: Մեր հայրենակիցը, ցավոք, մահկանացուն կնքեց շատ երիտասարդ՝ 55 տարեկան հասակում՝ ծանր
հիվանդության պատճառով՚, - ասվում է հանրագրի տեքստում: