Արմինֆո. Այսօր կառավարության նիստում ամրագրվել են Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթը և լիազորությունները :
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստում հավանության է արժանացել «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի
վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծի ընդունման դեպքում ակնկալվում է համաձայն ՀՀ սահմանադրության 2015 թ. փոփոխությունների՝ կարգավորել Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները՝ ստեղծելով Անվտանգության խորհրդի բնականոն գործունեության համար անհրաժեշտ և բավարար նախադրյալներ:
Օրինագծով ամրագրվել են Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթները և լիազորությունները, սահմանվել է խորհրդի կազմը, կարգավորվել են գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները, նախատեսվել են խորհրդի որոշումների տեսակները և դրանց ընդունման կարգը: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ազգային
անվտանգության խորհուրդը վերանվանվել է Անվտանգության խորհրդի և ամրագրվել է, որ Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: Բացի այդ, 2015 թ. փոփոխություններով սահմանվել է, որ վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Ինչպես պարզաբանել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի կազմում կընդգրկվեն առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, ԱԽ քարտուղարը, պաշտպանության, արտաքին գործերի նախարարները, ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, գլխավոր շտաբի պետը: Նախագահը, ԱԺ
նախագահը և գլխավոր դատախազը չեն ընդգրկվի ԱԽ կազմում:
Արդարադատության նախարարի ասելով, օրինագծում ամրագրված է, որ ԱԽ սահմանում է պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղությունները: Նախատեսվում է, որ վարչապետի առաջարկությամբ ԱԽ-ն կքննարկի անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն ու սահմանների անձեռնմխելիությանն առնչվող հարցեր և իր իրավասության շրջանակում խորհրդատվական բնույթի որոշումներ կկայացնի այլ հարցերի շուրջ:
Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը գլխավորում էր երկրի նախագահը: 2015 թվականի սահմանադրական փոփոխությունից հետո Հայաստանի կառավարման նախագահական ձևից խորհրդարանականի անցման առնչությամբ, նոր սահմանադրության 152 հոդվածին համապատասխան, Անվտանգության խորհուրդը գլխավորելու է երկրի վարչապետը: