Արմինֆո.ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ ամբիոնից իր ելույթում անդրադարձել է կոռուպցիոն սկանդալներին, որոնցում ներգրավված են եղել ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաները:
«Եվրոպայի խորհրդի անդամակցությունից ի վեր մեր երկիրն ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվել թե՛ ստանձնած պարտավորությունների կատարմանը, թե՛ այս կառույցի հիմնարար արժեքների հանդեպ մեր հավաքական հանձնառությանը:
Սակայն, վերջին տարիներին, ցավոք, մենք այս կառույցում ականատես եղանք աննախադեպ արժեքային ճգնաժամի, երբ որոշ, մեղմ ասած, անպատասխանատու պատգամավորների՝ Եվրոպայի խորհրդի բուն առաքելությանը հակասող գործելակերպը ծանր վնաս հասցրեց կազմակերպության հեղինակությանը: Եվրոպայի խորհրդի մեծ ընտանիքին նետվեց թերևս ամենամեծ մարտահրավերը՝ իր ստեղծումից ի վեր, երբ բացահայտվեցին Վեհաժողովում պատգամավորների կաշառման, դրանց արդյունքում անարդար քվեարկությունների դեպքեր: 2014 թվականից ի վեր մի շարք քաղաքականապես կողմնակալ և աղմկահարույց զեկույցներ, բանաձևեր հայաստանյան հասարակության շրջանում Վեհաժողովի նկատմամբ վերաբերմունքի խիստ փոփոխություն առաջացրին: Միևնույն ժամանակ, այդ բացահայտումները հույս են ներշնչում, որ նման արատավոր երևույթների կյանքը կարճ է։ Վաղ թե ուշ դրանք ջրի երես են դուրս գալիս՝ զրոյացնելով այդ եղանակով ընդունված բանաձևերը, ինչպես նաև հեղինակազրկելով դրանց հետևում կանգնած մարդկանց և ուժերին: Հավատացած եմ, որ կոռուպցիոն բացահայտումներն ուսումնասիրող անկախ հետաքննող մարմնի զեկույցը արմատախիլ կանի այդ արատավոր երևույթը՝ նպաստելով անդամ պետություններում մեր կառույցի հանդեպ վստահության ամրապնդմանը»,-
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: