Արմինֆո. Հունվարի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման սկզբում դեսպան Սադոյանը նախարար Իզորիային փոխանցել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ողջույնները։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև ռազմական համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքի և հետագա հեռանկարային ուղղությունների վերաբերյալ՝ այս համատեքստում հատկապես կարևորելով ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտներում համագործակցությունը։
Նախարար Իզորիան գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև առկա ռազմական համագործակցության կապակցությամբ և հայտնեց, որ այս տարի նախատեսված է իր պաշտոնական այցը Հայաստան։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին, Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը և դեսպանության խորհրդական Կարեն Պարունակյանը: