Արմինֆո. Սերժ Սարգսյանը «ներկայացուցչական՚ նախագահի կարիք ունի` քաղաքական պատասխանատվությունը լղոզելու համար: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ընդդիմադիր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Դեռ մինչև սահմանադրական հանրաքվեն մենք բազմիցս ասել ենք, որ Սերժ Սարգսյանը սահմանադրության բարեփոխում է նախաձեռնել բնավ ոչ միայն սեփական իշխանության վերարտադրման նպատակով: Հենց երկրի հիմնական օրենքի փոփոխման շնորհիվ Սարգսյանը, գործնականում, շրջանցեց երրորդ նախագահական ժամկետի արգելքը` միաժամանակ լղոզելով քաղաքական պատասխանատվությունը երկրում կայացվող որոշումների համար՚, - նշել է քաղաքական գործիչը:
Հունվարի 19-ին Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, փաստորեն, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին հայտարարեց երկրի նախագահի պաշտոնի ՀՀԿ թեկնածու: Նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 2-ին, նախագահին կընտրեն ԱԺ պատգամավորները, որտեղ մանդատների մեծամասնությունը պատկանում է ՀՀԿ-ին: Այնուհետև, ապրիլին նոր նախագահը կնշանակի նոր վարչապետ` հենց նույն ՀՀԿ-ից:
«Հայաստանում, հատկապես վերջին խորհրդարանական ընտրություններից հետո, ամեն ինչ որոշում է Սերժ Սարգսյանը` հենց իրեն ենթակա ՀՀԿ հետ միասին: Ուստի, դեռ մինչև նախագահի պաշտոնի համար Արմեն Սարգսյանի թեկնածության հրապարակումը ես պնդում էի, որ ով էլ ընտրվի Հայաստանի չորրորդ նախագահ, կառավարման նման համակարգում նրան կարող է վերապահվել բացառապես խամաճիկի դեր: Ընդ որում, տիկնիկավարը կլինի Սերժ Սարգսյանը՚, - նշել է ընդդիմադիր գործիչը:
Նշելով Հայաստանի ապագա նախագահի գործառույթների ծայրահեղ կրճատումը կառավարության և վարչապետի օգտին` քաղաքական գործիչը, մասնավորապես, նշել է սահմանադրության հոդվածներից մեկը, որի համաձայն, միջազգային պայմանագրերը պետք է կնքի հենց նախագահը:
Այդպիսով, ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև ամեն մի պաշտոնական պայմանավորվածություն, քաղաքական գործչի կարծիքով, կստորագրի հենց Հայաստանի նախագահը, այլ ոչ թե` վարչապետը: Այդ առումով ապագա նախագահը ապագա վարչապետի համար քաղաքական պատասխանատվությունը լղոզելու կատարյալ հնարավորություն է, օրինակ` Ղարաբաղի վերաբերյալ որոշումների համար: Ընդ որում, Զուրաբյանը համոզված է, որ իրական որոշումները կայացնելու է հենց Սերժ Սարգսյանը:
«ՀԱԿ-ը, ընդդիմությունը, ընդհանուր առմամբ, երկրի հիմնական օրենքի բարեփոխման շուրջ հանրաքվեի արդյունքները պաշտոնապես չի ճանաչում: Հանրաքվեի արդյունքները կեղծվել են իշխանությունների կողմից, իսկ ժողովուրդն, իրականում, առանց որևէ կասկածի, քվեարկել է այդ փոփոխությունների դեմ՚, - ամփոփել է Զուրաբյանը:
2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում Հայաստանի ընտրողների 66,2 տոկոսը «կողմ՚ քվեարկեց սահմանադրական փոփոխություններին, որոնք նախատեսում են կառավարման նախագահական ձևից Հայաստանի անցում կառավարման խորհրդարանական ձևի, որի դեպքում իրական իշխանությունը կկենտրոնանա վարչապետի ձեռքում: Նոր նախագահը զուրկ կլինի արտաքին և պաշտպանական քաղաքականության վրա ազդեցության լծակներից: Զինված ուժերը կենթարկվեն պաշտպանության նախարարին, իսկ գերագույն գլխավոր հրիամանատարի գործառույթները ռազմական գործողությունների շրջանում վերապահվում են վարչապետին: Իսկ վարչապետի պաշտոնի ՀՀԿ հիմնական թեկնածուն կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանն է: