Արմինֆո. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի կոչը ֆրանսիական կառավարությանը՝ խոչընդոտելու Արցախի քաղաքացիների այցերին, ոչ
իրավազոր է և հանդիսանում է Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, մասնավորապես, ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարում։
Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյան, մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ Ֆրանսիայի կառավարությանն ուղղված կոչը՝ չթույլատրել Արցախի քաղաքացիների մուտքն այդ երկիր։
Ինչպես հաղորդում է «Արցախպրեսը՚, Անի Սարգսյանի ասելով, ընդհանուր առմամբ, պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում, երբ մի երկիր, որտեղ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների համաձայն, մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը վատթարագույններից մեկն է աշխարհում, փորձում է իր ստանդարտներն արտահանել այլ երկրներ։
«Արցախի Հանրապետության քաղաքացիների անհատական և հավաքական իրավունքները հերքելու Ադրբեջանի քաղաքականությունը Արցախի մեկուսացմանն ու առճակատման շարունակմանն ուղղված Ադրբեջանի ընդհանուր ռազմավարության առանցքային բաղկացուցիչներից մեկն է, ինչը հակասում է հակամարտության կարգավորման տրամաբանությանը, որը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և դրանց պահպանման վրա՚, - ընդգծել է նա։