Արմինֆո. Փետրվարի առաջին տասնօրյակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան: Այդ մասին ասվում է Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի
արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունում։
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ հանդիպման ընթացքում կայացել է
կարծիքների փոխանակում օրակարգում առկա աշխատանքային առաջարկներում տեղ գտած զգայուն հարցերի շուրջ։ «Համանախագահները կողմերին կոչ են արել միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման ուղղությամբ` որպես կարևոր ավանդ բանակցային գործընթացում:
Համանախագահներն ու արտգործնախարարներն ընդունել են հարաբերական անդորրը շփման գծում: Համանախագահները կողմերին կոչ են արել ամրապնդել այդ դրական միտումը: Համանախագահները նաև արտգործնախարարներին հայտնել են, որ շահագրգռված են հակամարտությունից տուժած տարածքներում 2010 թվականի գնահատման առաքելության գործունեությունը շարունակելու հնարավորության հետագա քննարկմամբ՚, - ասվում է միջնորդների տարածած հայտարարությունում:
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ համանախագահներն ու արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպատակաուղղված նախորդ հանդիպումներում ձեռք բերված համաձայնությունների իրագործմանն աջակցելու համար անհրաժեշտ հետագա քայլերը: «Արտգործնախարարներն սկզբունքորեն համաձայնություն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի
ընդլայնման վերաբերյալ համանախագահների վերամշակած հայեցակարգային փաստաթղթին` դրա շուտափույթ ավարտման նպատակով՚, - նշվում է հայտարարությունում: