Արմինֆո.«Վերջին մեկուկես տարում Երևանում ավելի քան 20 երթուղային գիծ դադարեցրել է իր աշխատանքը՝ անշահութաբերության պատճառով: Այդպիսով՝ այն քաղաքացիները, ովքեր ավելի վաղ օգտվել են ուղիղ երթուղային գծից, սկսել են երթևեկել տեղափոխով և վճարել 200 դրամ, իսկ վերջերս երկրում հանրահավաքներ տեղի ունեցան՝ Երևանում երթևեկությանը գինն անփոփոխ /100 դրամ/ թողնելու նպատակով:
Այդպիսին են սեղմված գազի գների բարձրացման հետևանքները»,- հունվարի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:
Եղիազարյանը նշել է, որ սեպտեմբերից գազի գինը բարձրացել է 110 դրամով, և աշխատել նման պայմաններով, նշանակում է աշխատել վնասով: «Վարորդները չեն կարող ընտանիք պահել՝ իրենց վաստակած գումարով: Եթե այսպես շարունակվի, մեր բոլոր վարորդները կարտագաղթեն»,-նշել է նա: Եղիազարյանն ընդգծել է այն փաստը, որ եթե մոտ ժամանակներս քաղաքապետարանը ոչինչ չձեռնարկի, ակցիային կմիանան Երևանի բոլոր երթուղային գծերի վարորդները, և քաղաքը կաթվածահար կլինի:
«Նախօրեի մեր գործադուլից և Երևանի քաղաքապետի տրանսպորտային հարցերի գծով խորհրդական Ալբերտ Գևորգյանի հետ հանդիպումից հետո մեզ հավաստիացրեցին, որ սեղմված գազի գինը կնվազեցվի, և բոլոր հարցերը կկարգավորվեն: Մեզանից շատերին բացահայտ վախեցնում էին: Սակայն, իրավիճակը պայթյունավտանգ է դարձել, և մենք պահանջում ենք ոչ թե դատարկ խոստումներ, այլ՝ վճռորոշ քայլեր»,- հայտարարել է Եղիազարյանը:
Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հայտարարել է, որ հարկային պարտավորությունը երթուղայինների վարորդների համար բարձրացվել է 3 անգամ, և 2 անգամ՝ ավտոբուսների վարորդների համար: «Նման պայմաններում մենք չենք կարող աշխատել, և ես կոչ եմ անում տաքսիների և երթուղայինների վարորդներին միավորվել և բողոքի ցույց կազմակերպել՝ պաշտպանելու իրենց նպատակները»,- կոչ է արել Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, միակ ընդունելի լուծումը տվյալ իրավիճակում ոչ թե երթևեկության սակագնի բարձրացումը կլինի, այլ՝ տրանսպորտային ընկերություններին հարկերից ազատելը, վարորդներին ինքնարժեով սեղմված գազի և բենզինի վաճառքը, ինչպես նաև ավելի մատչելի գնով պահեստամասերի վաճառքը: