Արմինֆո. Բուլղարիան ռազմավարական կարևոր նշանակություն ունի Եվրամիության համար: Այդ մասին ԵՄ Խորհրդում Բուլղարիայի նախագահությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքով, այսօր ԵՄ-ն գտնվում է բարդ փուլում, ինչի մասին է վկայում Բուլղարիայի նախագահության հագեցած բովանդակությունը: «Մենք մեծ ակնկալիքներ ունենք ԵՄ Խորհրդում Բուլղարիայի նախագահությունից: Բուլղարիան առաջին երկիրն է, որը նախագահում է Խորհրդում և դեսպանատուն ունի Հայաստանում, ինչը թույլ է տալիս մեզ միավորել ջանքերը Հայաստանում Եվրամիության ներկայացվածության բարձրացման համար: Շատ կարևոր է աշխատել Խորհրդում, առաջ մղել մեր օրակարգը Հայաստանում, այդ թվում՝
Արևելյան գործընկերության շրջանակներում: Այսօր մենք գտնվում ենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի օրակարգի պրագմատիկ իրականացման փուլում»,- ասել է եվրոպացի դիվանագետը: Նա ավելացրել է, որ այսօր ԵՄ-ն գտնվում է Հայաստանի հետ շրջանակային համաձայնագրի վավերացման փուլում, ջանքեր են գործադրվում համատեղ ճանապարհային քարտեզ մշակելու ուղղությամբ: Սվիտալսկին ընդգծել է, որ ԵՄ-ն ակնկալում է լավագույն կերպով իրականացնել անցած տարվա նոյեմբերին Բրյուսելում ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:
Պատասխանելով այն հարցին, թե որոնք են ԵՄ երկրների կողմից Հայաստանի հետ շրջանակային համաձայնագրի վավերացման հնարավոր ժամկետները՝ Սվիտալսկին նշել է, որ տարին բավական հաջող է սկսվել և փաստացի առաջինը համաձայնագիրը վավերացրել է մինչ այդ ԵՄ Խորհրդոմ նախագահող երկիրը /Էստոնիա-Խմբ./, ինչը դրական ազդակ է: Եվրոպացի դիվանագետը նշել է, որ փաստաթղթի վավերացման ժամկետները կախված են ԵՄ յուրաքանչյուր երկրի օրենսդրությունից: Բայց մենք լավատեսորեն ենք տրամադրված, ամենակարևոն այն է, որ համաձայնագիրը կարող է իրականացվել այս տարի»,- ասել է Սվիտալսկին: