Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտությունը 2018 թվի ՄԱԿ գործունեության 12 գլխավոր ուղղությունների թվում է:
Ինչպես հաղորդել է ՄԱԿ մամուլի ծառայությունը, կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Գլխավոր ասամբլեայի անդամներին ներկայացրել է 2018 թվականին ՄԱԿ գործունեության առաջնահերթ 12 ուղղությունները: Նա հիշեցրել է, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում իր աշխատանքի մեկ տարվա ընթացքում մարդկությունն առաջ է գնացել դեպի խաղաղություն: Միևնույն ժամանակ, նրա ասելով, անհրաժեշտ է օգտվել գլոբալիզացման և «չորրորդ արդյունաբերական հեղափոխության՚ առավելություններից:
Հիմնական խնդիրների թվում, որոնցով ՄԱԿ-ը պետք է զբաղվի 2018 թվականին, գլխավոր քարտուղարի ասելով, Մերձավոր արևելքի հակամարտությունների և Եվրոպայում «սառեցված՚ հակամարտությունների կարգավորումն է, Մյանմայի և Բանգլադեշի փախստականների խնդրի լուծումը, ինչպես նաև Կորեական թերակղզու միջուկազերծումը:
ՄԱԿ ղեկավարը, նշելով հակամարտությունների թվի աճը, «գորդյան հանգույց՚ է որակել Մերձավոր արևելքում առկա իրավիճակը: Նա նաև կոչ է արել վերջ դնել «կաթվածին՚, որը հանգեցրել է հակամարտությունների «սառեցմանը՚ Եվրոպայում: Գուտերեշի ասելով, մայր ցամաքի երկրներն ունեն լծակներ, որոնք անհրաժեշտ են այդ խնդիրները հաղթահարելու համար:
«Այդ իրավիճակների կարգավորման համար անհրաժեշտ է դիմակայել
ազգայնականության վտանգավոր ալիքին և աշխուժացնել համապատասխան միջնորդական նախաձեռնությունների աշխատանքը, ներառյալ Նորմանդական ձևաչափն ու Արևելյան Ուկրաինայի եռակողմ շփման խումբը, Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը, Վրաստանի շուրջ ժնևյան միջազգային քննարկումները և «5+2» ձևաչափը՝ կապված Մերձդնեստրի հետ՚, - ընդգծել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը:
Գուտերեշը թախանձագին կոչ է արել անցնել «կանաչ՚ տնտեսության և կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման: Նա հիշեցրել է այնպիսի առավելություններ օգտագործելու անհրաժեշտությունը, ինչպիսին են գլոբալացումը, միգրացիան և տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը: Նրա ասելով, դա կօգնի վերջ տալու խորացող անհավասարությանը: Ահաբեկչության դեմ պայքարը, մարդու իրավունքների պաշտպանությունը նույնպես, գլխավորի քարտուղարի համոզմամբ, 2018 թվականին դուրս չեն մնա ՄԱԿ օրակարգից: Գուտերեշը կարևորել է ՄԱԿ գործունեության ևս երկու ուղղություն ` խաղաղապահության ամրապնդումն ու գործընկերությունն Աֆրիկյան միության հետ: