Արմինֆո. ՀՀ խորհրդարանը հունվարի 16-ի նիստում ընդունել է «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014թ. իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը:
Ինչպես հայտարարել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը, նախագծի նպատակը ոչ միայն դատապարտումը, այլ նաև հետագայում նման հանցագործությունների կանխումն է: Նրա խոսքով, փաստաթղթում նաև կոչ է արվում միջազգային կազմակերպություններին՝ հայտնաբերել և պատժել եզդիների ցեղասպանության համար պատասխանատու հանցագործներին: Նախագծում խոսվում է նաև Իրաքի Հանրապետությանը Հայաստանի համերաշխության մասին: Մախմուդյանն ընդգծել է, որ եզդիների ցեղասպանությունը շատ բաներում նման էր Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ է արել հունվարի 16-ը հայտարարել եզդիների ցեղասպանության հիշատակի օր:Նշենք, որ աշխարհի 20 երկիր արդեն ճանաչել է Իրաքում եզդիների ցեղասպանությունը: