Արմինֆո. Վիրավոր զինծառայողին օգնելու Վիգեն Սարգսյանի կոչը քրիստոնեական արարք է, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մենաբանելով սոցցանցում վիրավոր զինծառայողին օգնելու կոչի համար պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին կեղծ բարեպաշտոթյան և ցուցադրական գթասրտության մեջ մեղադրելու փաստը:
Փոխխոսնակը նշել է նաև, որ Վիգեն Սարգսյանը ոչ միայն կոչ է արել հասարակայնությանը գումար նվիրաբերել, այլ նաև ինքն է նվիրատվություն կատարել: Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարության կարիքների համար հատուկ հիմնադրամին, որտեղ Հայաստանի յուրաքանչյուր աշխատող քաղաքացի ամսական 1000 դրամ է վճարում, Շարմազանովը նշել է, որ դրանք օգտագործվում են ըստ նշանակության և հասնում են զոհված ու վիրավոր զինծառայողների ընտանիքներին:
«Ելք» խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ սոցցանցով դրամահավաքության պաշտպանության նախարարի նախաձեռնությունը շատ տարօրինակ է: «Պատկերացրեք՝ վաղն էլ Սերժ Սարգսյանը ֆեյսբուքում առաջարկի դրամահավաք սկսել՝ 80-ականների զենքի փոխարեն 90-ականների զենք գնելու նպատակով»,-ասել է պատգամավորը:
Փաշինյանը նշել է նաև, որ կառավարությունը բյուջեի համալրման իր օրենսդրական լծակներն ունի: «Բանակի կարիքների կամ զինծառայողների առողջության հետ կապված խնդիրների լուծման համար ստեղծվել է հատուկ հիմնադրամ, որտեղ մեր քաղաքացիները միջոցներ են փոխանցում: Առանձին դեպքեր կարող են ֆինանսավորվել կառավարության պահուստային ֆոնդից: Եթե նման նախաձեռնությամբ հանդես գային ակտիվիստներ կամ հասարակական կազմակերպություններ, դա հասկանալի կլիներ, բայց երբ դա անում է բարձրաստիճան պետական պաշտոնյան, ով պաշտոնի է նշանակվել, որպեսզի նման խնդիրները լուծի իր պաշտոնական լիազորությունների շրջանակներում, դա, առնվազն տարօրինակ է»,- ընդգծել է Փաշինյանը՝ կատակելով, որ, հնարավոր է, մի գեղեցիկ օր պաշտպանության նախարարը դրամահավաք սկսի՝զինվորների համար սապոգներ գնելու նպատակով:
«Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչները հրաժարվել են այդ առնչությամբ մեկնաբանություններից:
Նշենք, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում կոչ էր արել օգնել վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին՝ նրա բուժումն արտերկրում կազմակերպելու նպատակով: Այս հայտարարությունը բացասական արձագանք է գտել հասարակությունում: Սոցցանցերի շատ օգտատերեր պաշտպանության նախարարին մեղադրել են մուրացկանության և ցուցադրական գթասրտության մեջ, ինչին նախարարը պատասխանել է համանման մեղադրանքներով: Շատ օգտատերեր հետաքրքրվել են, թե որտեղ են գնում ստեղծված հատուկ հիմնադրամի միջոցները, որտեղ են փոխանցվում աշխատավարձերից վճարվող միջոցները: Ոմանք նախարարին առաջարկել են առանց այդ էլ աղքատ ժողովրդին դիմելու փոխարեն օգնության համար դիմել շքեղ տներ և ավտոմեքենաներ ունեցող գեներալիտետին: