Արմինֆո. Եթե ժողովուրը փողոց դուրս գա և մասնակցի առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման դեմ «Ելք» դաշինքի երթին, ընդդիմությանը կհաջողվի ստիպել կառավարող մեծամասնությանը համապատասխան փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, որոնք կհանգեցնեն գների նվազման: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ելք» ընդդիմադիր դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հունվարի 19-ին կայանալիք երթին:
«Եթե ժողովուրդը դուրս չգա փողոց, ամեն ինչ նույնն է մնալու: Ասելով, թե «միևնույն է, ոչինչ չի փոխվի»՝ մենք այդպես էլ ոչինչ չենք փոխի»,- ասել է Փաշինյանը նշելով, որ երթի մասին ծանուցումից հետո իշխանությունները զիջումների գնացին, որոշեցին գների բարձրացման հարցի շուրջ խորհրդարանական լսումներ անցկացնել, նախագահը հատուկ խորհրդակցություն հրավիրեց, իշխանություններն ակնարկում են եկամտահարկի շեմը վերանայելու պատրաստակամության մասին»,- ասել է Փաշինյանը:
Հունվարի 19-ին տեղի կունենա «Ելք» դաշինքի երթն՝ ընդդեմ թանկացումների: Վերջին ամիսներին Հայաստանում կտրուկ բարձրացել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները, և այդ միտումը շարունակվում է: Իշխանությունները բացատրում են դա օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:
Օբյեկտիվ պատճառների թվում նշվում է մի շարք ապրանքների միջազգային գների բարձրացումը, ինչպես նաև Հայաստանի հարկային և մաքսային քաղաքականության վերանայումը՝ կապված Եվրասիական տնտեսական միության վերջինիս անդամակցության և ԵԱՏՄ ներսում երկրի օրենսդրության ներդաշնակեցման անհրաժեշտության հետ: