Արմինֆո. Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը գտնում է, որ Հայաստանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց ու երեխաների կյանքն ու բարեկեցությունը վտանգի տակ է գտնվում, քանի որ երկրի իշխանությունները չեն կարողանում ապահովել նրանց պաշտպանությունը:
Ինչպես նշվում է կազմակերպության հայտարարության մեջ, չնայած այն բանին, որ Հայաստանն ընդունել է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենք, ընտանեկան բռնության զոհ դարձած կանայք ու երեխաները դեռևս գտնվում են վտանգի տակ, քանի որ հանրապետությունում չի փոխվել նման հանցագործություններին իրավապահ մարմինների արձագանքման գործելաոճը: Ինչպես նշել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Ջեյն Բուչանանը, իրավիճակը կմնա անփոփոխ, քանի դեռ իշխանությունները պատշաճ կերպով չեն արձագանքել այդ
հանցագործություններին և սոցիալական ու բժշկական աջակցություն չեն ապահովել ընտանեկան բռնության զոհերի համար:
Կազմակերպությունը հայտնում է, որ զրույցել է Հայաստանում ընտանեկան բռնության 12 զոհերի հետ,ովքեր ասել են, որ իրավապահ մարմիններին դիմելիս կամ չեն հարուցվել քրեական գործեր, կամ մեղավորները չեն պատժվել, իսկ որոշ դեպքերում իրավապահները կոչ են արել հետ վերցնել իրենց հայցերը և հաշտվել բռնացողների հետ: