Արմինֆո. Չեխիայի Արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է ԽՍՀՄ մարշալ Ի.Ս.Կոնևի հուշարձանի շուրջ իրավիճակի մասին երկրի կառավարության նախագահի տեղակալ, արտգործնախարար Մարտին Ստրոպնիցկուն հասցեագրված Չեխիայում Հայաստանի Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի դեսպանների համատեղ նամակին:
Չեխիայի ԱԳՆ կայքում հրապարակված իր պատասխան բաց նամակում Ստրոպնիցկին հինգ դեսպանների համատեղ հայտարարությունը համարել է «անհարկի քայլ»:
«2017 թվականի դեկտեմբերի 22-ի ձեր համատեղ նամակում դուք խորին մտահոգություն եք հայտնում մարշալ Ի.Ս.Կոնևի հուշարձանին կենսագրական ցուցանակ տեղադրելու Պրահայի որոշման առնչությամբ: Դուք այդ քայլը դիտարկում եք որպես հուշարձանի կարևորությունը նվաստացնելու, պատմությունը վերաշարադրելու և նացիզմի դեմ պայքարում զոհվածներին խայտառակելու փորձ: Դուք նաև պնդում եք, որ հուշարձանի հարցն օգտագործվում է քաղաքական նպատակներով և չի կարող թողնվել տեղի իշխանությունների հայեցողությանը: Ես դա համարում են թյուրիմացություն, իսկ ձեր հրապարակած նամակը` անհարկի քայլ՚, - ասվում է Չեխիայի ԱԳՆ ղեկավարի պատասխան նամակում: Ստրոպնիցկին նաև ընդգծել է, որ Չեխիայի տեղական մարմինները քաղաքացիների կողմից ընտրված մարմիններ են, որոնք տնօրինում են իրենց սեփականությունը և բյուջեն, ինչը երկրում ժողովրդավարության սյուներից մեկն է, ուստի երկրի ԱԳՆ չի կարող միջամտել Պրահայի ինքնակառավարման մարմնի որոշմանը, քանի որ Կոնևի հուշարձանը քաղաքապետարանի սեփականությունն է: Չեխիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ վերը նշված հուշարձանը զինվորական շիրիմ չէ, հետևաբար, դրա վրա չի տարածվում զինվորական շիրիմների փոխադարձ խնամքի շուրջ Չեխիայի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համապատասխան համաձայնագիրը, ուստի երկրի քաղաքացիները և նրանց կողմից ժողովրդավարորեն ընտրված ներկայացուցիչներն ինքնուրույն պետք է որոշեն, թե ինչպիսի տեսք կունենա հուշարձանն ու նրա պատվանդանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 28-ի ճեպազրույցում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով հինգ դեսպանների վերը նշված նամակին, հույս էր հայտնել, որ չեխական կողմն ամենայն ուշադրությամբ հաշվի կառնի մարշալ Կոնևի հուշարձանի նախնական տեսքի փոփոխության առնչությամբ հինգ դեսպանների արտահայտած մտահոգությունը:
Հավելենք, որ մեկ ամիս առաջ Չեխիայի մայրաքաղաքի խոշորագույն վարչական շրջանի իշխանությունները որոշել են ԽՍՀՄ մարշալ Կոնևի հուշարձանի կենսագրական ցուցանակում փոփոխություն կատարել` ավելացնելով մարշալի կենսագրության «արյունոտ՚ էջերը: Քաղաքային իշխանությունների կողմից հաստատված նոր կենսագրականում հիշատակվում է, որ 1956 թվականի աշնանը մարշալ Կոնևի հրամանատարությամբ խորհրդային բանակը ճնշել է հունգարական ապստամբությունը, իսկ 1961 թվականին մարշալ Կոնևը Բեռլինում, որպես խորհրդային զորքի հրամանատար, մասնակցել է, «այսպես կոչված, երկրորդ բեռլինյան ճգնաժամի հանգուցալուծմանը և բռլինյան պատի կառուցմանը՚: