Արմինֆո.Իրանում տեղի ունեցող իրադարձությունների հետևում կանգնած է ԱՄՆ, կարծում է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Նրա ասելով, դիտարկելով Իրանում տեղի ունեցող իրադարձությունները, չի կարելի անտեսել աշխարհաքաղաքական գործընթացներն ու տարածաշրջանում առկա իրավիճակը: «Ուսումնասիրելով ԱՄՆ արտաքին քաղաքականության դոկտրինան, որը ներկայացրել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ տարվա դեկտեմբերին, մենք վստահությամբ կարող ենք ասել, որ Իրանը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության թիրախ է:
Ուստի, կասկած չի հարուցում այն բանի հավանականությունը, որ ԻԻՀ-ում իրավիճակի ապակայունացման հետևում կանգնած է Վաշինգտոնը: Սակայն, ակնհայտ է, որ ԱՄՆ սխալներ է թույլ տվել Թեհրանի վերաբերյալ իր հաշվարկներում՚, - ասել է Նավասարդյանը հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսում:
Նա, միևնույն ժամանակ, համոզմունք է հայտնել, որ ԻԻՀ-ում իրավիճակի ապակայունացմանը նպաստել է նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը: Դեսպանը հիշեցրել է, որ վերջին շրջանում Թեհրանի և Վաշինգտոնի միջև լուրջ տարաձայնություններ են ծագել այդ հարցի առնչությամբ, և առայժմ չի հաջողվել հասնել փոխզիջման: «Խորապես համոզված եմ, որ վաղ թե ուշ Իրանը կունենա միջուկային զենք: Եվ, կարծում եմ, որ այդ հանգամանքից շահեկան վիճակում կհայտնվեն ինչպես տարածաշրջանը, այնպես էլ Հայաստանը. չէ որ Իրանը կարևոր աշխարհաքաղաքական խաղացող է, որը գերիշխող դիրք է զբաղեցնում տարածաշրջանում: Իրանը Հայաստանի առաջատար գործընկերներից է, և հուսանք, որ մենք նույնպես այդպիսին ենք ԻԻՀ համար՚, - ասել է դիվանագետը: Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ մի շարք երկկողմ նախագծեր տեղից չեն շարժվում ոչ թե իրանական, այլ հայկական կողմի մեղքով:
Արևելագետ Հրաչյա Հակոբյանն, իր հերթին, քաղաքական հետք է տեսնում Իրանի բողոքների հետևում: Նրա ասելով, սոցիալական ընդվզման համար ընտրվել է շատ անհաջող քաղաք: Ավելին, նրա ասելով, այդ հանրահավաքներում հավաքվածների գրեթե 2/3-ը սև կրոնական հանդերձանքով էին, ինչը վկայում է այն մասին, որ հանրահավաքների հետևում կանգնած էին որոշ քաղաքական ուժեր: «Իսկ այն, որ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել երկրի մի շարք քաղաքներում հանրահավաքների կազմակերպման համար, պայմանավորված է այն հանգամանքով, որ դրա համար կարող է սպառնալ, նույնիսկ, մահապատիժ՚, - ասել է փորձագետը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի դեկտեմբերի 28-ից Իրանի մայրաքաղաքում և խոշոր քաղաքներում սոցիալական բողոքի զանգվածային գործողություններ էին ընթանում, որոնք շարունակվեցին մինչև հունվարի 3-ը: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ բողոքները հարուցված են երկրի ներքին խնդիրներով, ինչպես նաև այլ երկրների կողմից հրահրմամբ: Բողոքի գործողությունների ընթացքում զոհվել է 20 մարդ, ձերբակալվել է շուրջ 3,7 հազար մարդ, որոնց թվում էր հայտնվել նաև երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: