Արմինֆո.Իրանում սոցիալական խռովությունը զուրկ է տարածաշրջանն ապակայունացնող մասշտաբներից, լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Իրանում բողոքի ակցիայի իրական մասշտաբները փոքր-ինչ տարբերվում են ԶԼՄ-ների ներկայացրած մասշտաբներից: Դա սոցիալական խռովություն է, որն Իրանում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակն արմատապես փոխել չի կարող: Մինչդեռ հարևան երկրում անկայունության նման մասշտաբները միայն կարող են դրդել Բաքվին Ղարաբաղի դեմ հերթական պատերազմ սանձազերծել»,-համոզված է քաղաքագետը:
Հիշեցնելով 2009 թվականին Իրանում տեղի ունեցած բողոքի համանման ակցիաների մասին՝ Իսկանդարյանն ընդգծել է Հայաստանի կարևորագույն տնտեսական գործընկերներից մեկը հանդիսացող Իրանում ազդակներին ուշադիր հետևելու անհրաժեշտությունը: Ըստ նրա, իրավիճակի հետագա սրացումը երկրում, որին բաժին է ընկնում հայկական արտահանման որոշակի մասը, անշուշտ, վտանգ է ներկայացնում Հայաստանի համար:
Դեկտեմբերի 28-ից Իրանի խոշորագույն քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ընդդեմ կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, անկարգությունների զոհ է դարձել շուրջ 20 մարդ, շուրջ 450 մարդ, այդ թվում, ԻԻՀ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ձերբակալվել է: