Արմինֆո. ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է 2017թ. դեկտեմբերի 24-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակի տոնածառի տակ տուփով պայթուցիկ սարքի նմանվող առարկան տեղադրած անձը:
Վերջինս ընդունել է արարքն իր կողմից կատարված լինելու փաստը, հայտնել շարժառիթները: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, նշված անձը ներկայացվել է դեպքի առթիվ նյութեր նախապատրաստած իրավասու մարմնին` ՀՀ ոստիկանությանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Բուհի ուսանողներն ու դասախոսները տարհանվել էին: Պարզվել էր, որ հայտնաբերված արկղի մեջ եղել են ճայթռուկ և անհայտ ծագումով հեղուկով լի շշեր: