Արմինֆո. Ռուսաստանում ողջունում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ակտիվացումը՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը, շահագրգռված են դրա արդյունավետությամբ: Այդ մասին «Ինտերֆակս» լրատվական գործակալությանը հարցազրույցոմ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների առաջիկա հանդիպումը:
«Աջակցում ենք փոխզիջումային հանգուցալուծումների որոնման Երևանի և Բաքվի ջանքերը: Մինսկի խմբի համանախագահության գծով գործընկերների հետ միասին կշարունակենք միջնորդական աջակցություն ցուցաբերել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ընդհանուր դիրքորոշումը հստակ ձեւակերպվել է այս տարվա դեկտեմբերի սկզբին Վիեննայում կայացած ԵԱՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ երեք երկրի պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարությունում»,- ասել է դիվանագետը:
Միաժամանակ նա հիշեցրել է, որ 2017 թ. հոկտեմբերին երկարատեւ ընդմիջումից հետո Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ տեղի է ունեցել հայ-ադրբեջանական գագաթաժողովը: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել բանակցային գործընթացը և լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հակամարտող կողմերի շփման գծում լարվածության նվազեցման ուղղությամբ: Այս առնչությամբ համանախագահներն այս տարվա նոյեմբերին առանձին խորհրդակցություններ են անցկացրել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ, իսկ դեկտեմբերին կազմակերպել են նախարարների հանդիպումը Վիեննայում` ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակներում:
Կողմերին ներկայացվել են ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման հետ կապված հստակ առաջարկություններ: Նախարարները պայմանավորվել են 2018 թվականի հունվարին շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման այս և այլ հարցերի շուրջ բանակցությունները՝ միջնորդների «եռյակի» մասնակցությամբ»,- ասել է Կարասինը: