Արմինֆո. 2018 թվականին Հայաստանը պետք է կարողանա հավասարակշռել իր քաղաքականությունը ՌԴ-ԱՄՆ, ՌԴ-Ուկրաինա, Իրան-Իսրայել, ինչպես նաև մի քանի այլ ուղղություններով: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի /AIISA/ կողմից կազմակերպված «2017-ի իրական և 2018-ի սպասվող Հայաստանը. անցյալի իներցիա, թե՞փոփոխությունների մեկնարկ» թեմայով քննարկման ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ԱԱԾ նախկին ղեկավար, վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:
«Ընդհանուր առմամբ 2017 թվականը Հայաստանի արտաքին քաղաքականության համար միանգամայն հաջող տարի էր՝ հաշվի առնելով ԵՄ-ի հետ հարաբերությունների տեղափոխումը նոր փուլ, Իսրայելի հետ հարաբերություններում ճեղքումը, այլ նախաձեռնություններ: Կարծում եմ, որ մեր իշխանությունները պետք է մտածեն մոտ ապագայում Իսրայելում դեսպանություն բացելու մասին: Իսրայելը Հայաստանի համար հետաքրքրություն է ներկայացնում նաև սպառազինությունների ձեռքբերման աղբյուրների դիվերսիֆիկացման առումով»,- ընդգծել է նա:
Ըստ վերլուծաբանի, 2018 թվականը լինելու է իրադարձություններով առատ տարի: Միաժամանակ Շահնազարյանը հույս է հայտնել, որ Հայաստանն այդ իրադարձությունների օբյեկտ չի դառնա:
Միաժամանակ վերլուծաբանը չի գտնում, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը Հայաստանի կողմից առկա խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման կատալիզատոր կհանդիսանա: Ըստ նրա, դրան խանգարում են Հայաստանի տնտեսության աճի անմխիթարական տեմպերը: Միաժամանակ Շահնազարյանը նոր հնարավորություններ է տեսնում ի հայտ եկած մարտահրավերներում՝ դրա հետ կապելով երկրի արտաքին քաղաքական հաջողությունների զարգացման հնարավորությունը: